Կառավարությունից խոշոր ջերմոցատերերին փոխանցել են, որ այս պահին հնարավոր չէ արտահանումներ կազմակերպել դեպի ռուսական շուկա, ինչը նրանց դժգոհությունն է հարուցել, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ թերթի տեղեկությունների՝ մայիսի 29-ին նախարար Գևորգ Պապոյանը ջերմոցատերերի հետ հանդիպմանն ասել է, թե ինչով կարող է պետությունն օգնել, որ նրանք շատ չտուժեն, սակայն ջերմոցատերերը պնդել են, որ իրենց ամենամեծ խնդիրը շուկան է, եվրոպական շուկա արտահանելու սերտիֆիկացիա չունեն, իսկ ռուսականն էլ, փաստորեն, փակվել է, ուստի միակ լուծումն այդ շուկան բացելն է:
Պապոյանն, ըստ պարբերականի, պատասխանել է, որ այս պահին դա հնարավոր չէ, ինչը վրդովեցրել է ջերմոցատերերին։ Նրանք հիշեցրել են, որ մեծ ներդրումներ են արել, հիմա՝ կանգնել են փաստի առաջ, գրել է թերթը՝ հավելելով, որ հանդիպումից ջերմոցատերերը հեռացել են դժգոհ և առանց լուծումների։
Ավելի ուշ էկոնոմիկայի նախարարությունից անդրադարձել են «Հրապարակ»-ի տեղեկություններին և հայտնել, որ հրապարակած տեղեկությունը, թե ջերմոցատերերը ՀՀ էկոնոմիկայի նախարարի աշխատասենյակում «բունտ» են արել, չի համապատասխանում իրականությանը։




































