Wildberries միջազգային առցանց հարթակը Հայաստանում արտադրված և մակնշված ապրանքների վաճառքի փուլային վերականգնման մասին է հայտարարել:
Ապրիլի 30-ին գործարարները հայտնի էին, որ Հայաստանի տնտեսվարողները չեն կարողանում Wildberries և Ozon հարթակներով վաճառքներ իրականացնել։ Տնտեսվարողները նշել էին, որ ընկերությունն անժամկետ դադարեցրել է Հայաստանից վաճառքները՝ առանց որևէ պատճառաբանության։
Wildberries-ը մայիսի 8-ի պարզաբանման մեջ նշել է, որն հայկական ապրանքների մի մասի մատակարարումները բախվել էին լրացուցիչ ստուգումների և տեսակավորման կենտրոններում մշակման ուշացումների: Դա, ըստ ընկերության, պայմանավորված էր մաքսային կարգավորման նոր պահանջների ուժի մեջ մտնելով և վաճառողների կողմից ապրանքների ծագումը հաստատող լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտությամբ:
«Գործընթացները կարգավորելու և հետագա ուշացումները կանխելու նպատակով Հայաստանի սահմաններից դուրս որոշ ապրանքային քարտերի հասանելիությունը ժամանակավորապես սահմանափակվել էր: Պետական մարմինների և գործընկերների հետ համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել է իրավիճակի կարգավորման ճանապարհային քարտեզ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ընկերությունից հայտնել են, որ ճանապարհային քարտեզի շրջանակում հայկական արտադրանքի հասանելիությունն արդեն մասնակիորեն վերականգնվել է: Վաճառողներին տրամադրվում է անհատական տեխնիկական սպասարկում և աջակցություն ապրանքների առաջխաղացման հարցերում՝ վաճառքների լիարժեք ծավալը վերականգնելու համար:
Հաջորդ փուլերում նախատեսվում է վերականգնել նաև ինչպես ԵԱՏՄ տարածքում, այնպես էլ Միության սահմաններից դուրս արտադրված այլ ապրանքների իրացումը: Միաժամանակ, Wildberries-ն աշխատում է փաստաթղթերի մշակման և ստուգման գործընթացների ավտոմատացման ուղղությամբ՝ հարթակի տեխնիկական հնարավորություններն ընդլայնելու նպատակով։
Որպես աջակցության միջոց՝ հարթակում կմեկնարկի հատուկ բաժին՝ «Պատրաստված է Հայաստանում» նշումով, որտեղ ներկայացված կլինեն բացառապես Հայաստանում արտադրված ապրանքները։






































