Հայաստանի տնտեսվարողներն ապրիլի 30-ից չեն կարողանում Wildberries և Ozon հարթակներով վաճառքներ իրականացնել, Facebook-ում գրել է տնտեսվարող Շուշան Մկրտչյանը։
Նրա տվյալներով՝ Wildberries-ն անժամկետ դադարեցրել է Հայաստանից վաճառքները՝ առանց որևէ պատճառաբանության։
«Բազմաթիվ վաճառողներ հայտնվել են անորոշ իրավիճակում»,- գրել է Մկրտչյանը։
Նա հավելել է, որ տնտեսվարողները պետական կառույցների կողմից պարզաբանում են ակնկալում։
Ավելի ուշ պարզաբանում է տարածել Wildberries-ը՝ հայտարարելով, որ իրավիճակը պայմանավորված է առանձին ապրանքների կատեգորիաների նկատմամբ լրացուցիչ վերահսկողության կիրառմամբ։ Ընկերությունում նաև հայտնել են, որ ապրիլի 20-ից Ռուսաստանում մաքսային ձևակերպման կանոնները փոխվել են, փոփոխությամբ և նոր պահանջների շրջանակում վաճառողներից պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր։
Միաժամանակ՝ ընդգծել են, որ ՌԴ պահեստներում արդեն առկա ապրանքները շարունակում են վաճառվել սովորական ռեժիմով, իսկ ընկերությունը հայ գործընկերների հետ քննարկում է իրավիճակի կարգավորման հնարավոր տարբերակները։ Նշվում է, որ ավելի քան 50 հայ ձեռնարկատիրոջ հետ հանդիպում է տեղի ունեցել։
Wildberries-ը Հայաստանում գործում է 2018-ից, իսկ Ozon-ը՝ 2023-ից։
ՌԴ-ի կողմից ՀՀ տնտեսվարողների նկատմամբ հնարավոր սահմանափակումների վերաբերյալ մտահոգություններն սկիզբ էին առել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ապրիլի 1-ին կայացած հանդիպումից հետո։ ԶԼՄ-ները գրել էին, որ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած գործարարները դժգոհել էին կառավարության վարած քաղաքականությունից, ինչը սահմանափակումների պատճառ է դառնում։ ՌԴ-ի կողմից ավելի ուշ արգելվել էր «Պռոշյանի կոնյակի գործարանի» արտադրանքի արտահանումը, «Ջերմուկ» հանքային ջրի որոշ խմբաքանակների վաճառքը։
Կարդացեք նաև՝
ՊԵԿ-ն առաջարկում է ՀՀ տնտեսվարողների համար պարզեցնել Wildberries և Ozon հարթակներով վաճառքները
Թարմացում 01.05.2026 I15:17






































