Միջազգային հեղինակավոր S&P Global վարկանիշային գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ «կայունից» դարձնելով «դրական» և հաստատել է երկրի վարկանիշը BB- մակարդակում, հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։
Գործակալության գնահատմամբ՝ հեռանկարի վերանայումն արտացոլում է տարածաշրջանային անվտանգային իրավիճակի բարելավման ներուժը, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական և առևտրային հարաբերությունների կարգավորման առաջընթացը: S&P-ի վերլուծաբանները նշում են, որ Հայաստանի տնտեսական աճի հեռանկարները գնահատվում են որպես բարենպաստ, իսկ Կենտրոնական բանկի միջազգային պահուստների ավելի բարձր մակարդակը և ճկուն փոխարժեքը կօգնեն մեղմացնել հնարավոր արտաքին ցնցումները։
S&P Global Ratings-ը կանխատեսում է, որ 2026 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 5,3%, իսկ 2027 թվականին՝ 4,8%: Գործակալությունը նշում է, որ 2022-2025 թվականներին Հայաստանի տնտեսության միջին աճը կազմել է 7,8%, ինչը S&P-ի կողմից վարկանիշավորված 143 երկրի շարքում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է:
«Դրական» հեռանկարի սահմանումը նշանակում է, որ հաջորդ վերանայումների ժամանակ առկա է վարկանիշի փաստացի բարձրացման մեծ հավանականություն: Գործակալությունը կանխատեսում է, որ 2026-2029 թվականներին ՀՀ բյուջեի դեֆիցիտը միջինում կկազմի ՀՆԱ-ի մոտ 3,3%-ը:
Գործակալությունը նշում է, որ կապիտալ ներդրումները պահպանվում են բարձր մակարդակի վրա, մինչդեռ պաշտպանության ծախսերը պլանավորվում է կրճատել անվանական արտահայտությամբ և ՀՆԱ-ի տոկոսներով՝ Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններից հետո անվտանգության վրա կարճաժամկետ ճնշման նվազման ֆոնին: 2026 թվականին բյուջեի դեֆիցիտը կանխատեսվում է ՀՆԱ-ի 4,2%-ի մակարդակում, ինչը ցածր է պաշտոնական նպատակային ցուցանիշից՝ ելնելով կապիտալ ծախսերի թերի կատարման ենթադրությունից, որը մասամբ փոխհատուցվում է ծախսերի վրա նախընտրական ճնշումներով, ասվում է զեկույցում։
S&P Global Ratings-ը (նախկինում՝ Standard & Poor’s) աշխարհի երեք խոշորագույն վարկանիշային գործակալություններից մեկն է՝ Moody’s-ի և Fitch-ի հետ միասին: Գործակալությունն զբաղվում է ֆինանսական հետազոտություններով և վարկանիշների շնորհմամբ՝ գնահատելով վարկառուների՝ պարտավորությունները ժամանակին կատարելու ունակությունը:
Fitch-ը 2025 թվականի ամռանը Հայաստանի պետական պարտքի աճ էր կանխատեսել։ Գործակալության գնահատմամբ՝ բյուջեի դեֆիցիտը 2025 թվականին պետք է ավելանար մինչև ՀՆԱ-ի 5,4%-ը, այնուհետև 2026-2027 թվականներին նվազեր մինչև 4,4%: Նշվել էր նաև, որ 2024 թվականին դեֆիցիտի նվազումից հետո իշխանությունները մեղմացրել են հարկաբյուջետային քաղաքականությունը՝ Լեռնային Ղարաբաղից փախստականների պաշտպանության և աջակցության ծախսերը մեծացնելու համար։ Գործակալությունն ակնկալում էր առևտրային հաշվեկշռի դեֆիցիտի ավելացում՝ կապիտալ ներդրումների և ռազմական արտադրանքի ներմուծման պատճառով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







