2019 թվականի մայիսի 29-ին Նուր Սուլթանում ստորագրվել է «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը, որը ներկայացվել է ԱԺ վավերացմանը:
Հարցն այսօր քննարկվել է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի գլխադասային հանձնաժողովում: ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը նշեց, որ համաձայնագրի հիմնական նպատակն է ապրանքների տեղաշարժի օրինականության ապահովումը, որոնք ԵՏՄ անդամ մի պետությունից մյուսն են փոխադրվում, ապրանքների նկատմամբ հսկողության մեխանիզմի օգտագործմամբ, ինչպես նաև պայմանների ստեղծումը, որոնք բացառում են մաքսային և հարկային վճարումներից խուսափել թույլ տվող տարբեր սխեմաների օգտագործումը, միաժամանակ ապահովելով ապրանքաշրջանառության հետ կապված գործարքների վերահսկումը:
«Համաձայնագրի գործողությունը չի տարածվում հետագծելիության ենթակա այն ապրանքների վրա, որոնք իրացվել են մանրածախ առևտրում: Եթե ապրանքը վաճառվել է մանրածախ առևտրում, այդ պահից դրա հետագծելիության համակարգը դադարում է: Համաձայնագրի գործողությունը չի տարածվում նաև ԵԱՏՄ տարածքում վերամշակման արդյուքնում ստացված ապրանքների նկատմամբ, որոնց ներմուծումն ու օգտագործումն իրականացվում են ֆիզիկական անձանց կողմից՝ անձնական օգտագործման նպատակով»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը:
Նրա խոսքով՝ մեխանիզմը ներդրվելու է փուլային եղանակով, իսկ արդյունքում կրճատվելու է գործարքների իրականացման ժամկետը, բացառվելու են սխալ տեղեկատվության տրամադրումն ու ապօրինի գործարքները:
Իսկ էլեկտրոնային մեխանիզմի ներդրումը թույլ կտա լուծել Վերին Լարսում կուտակումների խնդիրը:
Քննարկումներից հետո խորհրդարանականները այս համաձայնագրի վավերացմանը դրական եզրակացություն տվեցին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







