Հայ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասանուհի Աննա Մաքսիմի (Հարությունյան) «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը մրցանակներ է ստացել Հոլիվուդում կայացած ARPA միջազգային կինոփառատոնում։
Ֆիլմը հաղթել է «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում, իսկ Աննա Մաքսիմն ստացել է «Ծագող աստղ» մրցանակը։
«Այսօր Հոլիվուդի սրտում՝ Չայնիս թատրոնում, արժանացա «Ծագող Աստղ» մրցանակին, իսկ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը ճանաչվեց հաղթող լավագույն լիամետրաժ ֆիլմ անվանակարգում»,- գրել է դերասանուհին Facebook-ում։
Ֆիլմի պրեմիերան տեղի էր ունեցել 2024 թվականի սեպտեմբերին։ Սպորտային դրաման պատմում է ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և կարիերայի մասին։ Ֆիլմը նվիրված է նրա դժվարին ճանապարհին. ավտովթարից ստացած ծանր վնասվածքից հետո Նազիկը 7 տարով ստիպված էր լքել պրոֆեսիոնալ սպորտը։
Չնայած շատերի կասկածներին ու տանջալից ցավին՝ նա կարողացել է վերադառնալ՝ նվաճելով Եվրոպայի կրկնակի չեմպիոնի կոչումը։




































