Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրական գիրքը պատրաստ է, հայտնել է սպորտային գրքերի իտալացի հեղինակ Ալեսանդրո Ալչիատոն։ Այն լույս կտեսնի հոկտեմբերի 7-ին։
Գիրքն իտալերեն լեզվով է և կոչվում է «La mia vita sempre al centro: Il viaggio di un ragazzo armeno tra determinazione e sacrificio» (Իմ կյանքը միշտ կենտրոնում է. Հայ տղայի ճանապարհորդությունը՝ նպատակասլացության և զոհաբերության միջով)։
«Ինձ համար սա պարզապես գիրք չէ, այլ շատ ավելին: Այն գրելու հարցում օգնելը հսկայական պատիվ էր, քանի որ ես հանդիպեցի մի լավ, բարի, քաղաքավարի մարդու: Նա պատմեց պատմություն, իր սեփական պատմությունը: Այնքան շատ բան կա ներսում, նրա կյանքը ֆուտբոլից այն կողմ: Կա նրա հայրը, որին կորցրել է ընդամենը յոթ տարեկանում, Հայաստանը մանկության տարիներին՝ առանց էլեկտրականության կամ տաք ջրի, Արարատ լեռը որպես խորհրդանիշ, նրա խորը հարաբերությունները տատիկի հետ և նրա հարգանքը նրանց նկատմամբ, ովքեր ապրել էին դրանից առաջ»,- գրել է Ալչիատոն։
Սեպտեմբերի 10-ին Մխիթարյանն արժանացել էր «Ինտերի» Gentleman Inter մրցանակին։
































