Երևանում տեղի կունենա ժամանակակից երաժշտության երեկո, որի ընթացքում կկայանա կոմպոզիտոր Լովել Լիբերմանի Ալտ սաքսոֆոնի կոնցերտի համաշխարհային պրեմիերան՝ անվանի սաքսոֆոնահար մենակատար Քեննեթ Ցեի կատարմամբ, հայտնել է Հայաստանի պետական սինֆոնիկ նվագախումբը։
Ցեի կատարմամբ և դիրիժոր Բարբարա Դրագանի ղեկավարությամբ համերգը տեղի կունենա մարտի 15-ին՝ ժամը 19:30-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում։
Երեկոյի ընթացքում կհնչեն կոմպոզիտորներ Քշիշտոֆ Պենդերեցկու, Ֆրենսիս Պուլենկի և Ալեքսիս Ալրիխի ստեղծագործությունները։ Ծրագրում՝ Պենդերեցկի – Ադաջետտո «Կորուսյալ դրախտ» օպերայից (5 րոպե), Ֆրենսիս Պուլենկ – «Սինֆոնիետա» սիմֆոնիկ նվագախմբի համար, FP 141 (28 րոպե), Ալեքսիս Ալրիխ – «Զանգի և թմբուկի աշտարակ» Պեկինյան տպավորություններ նվագախմբի համար (15 րոպե), Լովել Լիբերման – Ալտ սաքսոֆոնի կոնցերտ, երկ 145 (20 րոպե)։
Համերգն անցկացվում է Պենդերեցկու ժամանակակից երաժշտության փառատոնի շրջանակներում։ Մուտքը թույլատրվում է 6 տարեկանից սկսած։ Տոմսերի գները տատանվում են 3-10 հազար դրամի սահմաններում։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարտի 5-29-ն անցկացնում է Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության հինգերորդ փառատոնը, որի շրջանակներում կանցկացվի երեք սիմֆոնիկ համերգ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներով։ Փառատոնի բացումը տեղի էր ունեցել մարտի 5-ին։ Համերգին հնչել էին Պենդերեցկու, Ավետ Տերտերյանի և կոմպոզիտոր Էրիկ Ուիթաքրի ստեղծագործությունները։ Երեկոյան Հայաստանում առաջին անգամ հնչել էր Ուիտակերի նախերգանքը նվագախմբի համար։