Փետրվարի 9-ին նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի 140-ամյակն է, ինչի առթիվ «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը «Տերյանի հետ» խորագրով տոնական միջոցառումների շարք են նախաձեռնել։
Միջոցառումները տեղի են ունեցել այսօր՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։
«Տերյան մշակութային կենտրոն»-ի նախագահ, տերյանագետ Առուշան Հակոբյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ Տերյանը լեգենդ է իր մանկությամբ, իր պատանեկությամբ, իր երիտասարդությամբ, իր գործունեությամբ և պոեզիայով: Տերյանը լեգենդ դարձավ իր վախճանով:
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի տնօրեն Սամվել Մկոյանը ներկայացրել է ՋԱՀ-ի կողմից վերականգնվող Վահան Տերյանի տուն-թանգարանի շինարարական և առաջիկայում նախատեսվող աշխատանքները: Նա նշել է, որ թանգարանը դառնում է մի վայր, որտեղ ամեն այցելու կարող է զգալ Տերյանի հոգու շունչը, ծանոթանալ նրա կյանքի պատմությանը և ներշնչվել նրա գրական վեհությամբ։
ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացրել են, որ օրվա կապակցությամբ նախարար Ժաննա Անդրեասյանը, Տերյանի ընտանիքի անդամները, մտավորականները, գիտնականները և պաշտոնյաներն այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ խնկարկելու և ծաղիկներ խոնարհելու բանաստեղծի հիշատակին:
Ներկաները նշանավորել են Տերյանի գործունեությունը, անցած ճանապարհը, ստեղծագործական վաստակը, հավելել են նախարարությունից։
Տերյանի ստեղծագործությունների առաջին՝ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն լույս է տեսել 1908 թվականին՝ Թիֆլիսում։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվել է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։ 1912 թվականին հիմնադրել է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալել գրահրատարակչական, թարգմանական լայն գործունեություն։