Փետրվարի 10-ին, ժամը 18:00-ին «Լոֆթ Երևանում» կկայանա Էդ Քեթմուլի «Ստեղծարարների ընկերությունը. ճշմարիտ ոգեշնչմանը խոչընդոտող անտեսանելի ուժերի հաղթահարումը» գրքի շնորհանդեսը։ Գիրքը ներկայացնում է ամերիկյան ճանաչված Pixar անիմացիոն ընկերության հաջողության պատմությունը։
Շնորհանդեսի ընթացքում գրքի և Pixar-ի հաջողության մասին կպատմեն գրքի թարգմանիչ Լիլիթ Քալաշյանը և կինոգետ Ներսես Գևորգյանը։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։
Արդեն գրեթե երեք տասնամյակ Pixar-ը գերիշխող դիրք է գրավում անիմացիայի ոլորտում և հանդիսատեսի դատին հանձնում բազմաթիվ սիրված մուլտֆիլմեր («Խաղալիքների պատմություն», «Սուպերընտանիքը», «Նեմոյին փնտրելիս», «Գլուխկոտրուկ», «Վեր» ն այլն), որոնք արժանացել են Ամերիկյան կինոակադեմիայի և մի շարք այլ մրցանակների:
Նորարարական սյուժեներով, անկեղծ հուզականությամբ, անսպասելի կերպարներով հարուստ պիքսարյան մուլտֆիլմերն ի ցույց են դնում, թե ստեղծարարությունն ինչպիսին պիտի լինի իրականում: Էդ Քեթմուլը բացահայտում է, թե որ գաղափարներն ու մեթոդներն են Pixar-ը դարձրել այսչափ սիրելի և շահութաբեր:
Քննարկմանը կհաջորդի ընկերության ամենահայտնի անիմացիոն ֆիլմերից մեկի՝ «Ռատատույ»-ի ցուցադրությունը։ Մուլտֆիլմը պատմում է առնետ Ռեմիի մասին, ով երազում է խոհարար դառնալ և աշխատել ռեստորանում։ Ֆիլմի անունը տրվել է ըստ ֆրանսիական ուտեստի՝ ռատատույի, որը սիրում է պատրաստել պատմության հերոսը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







