Մահացել է չեխական ծագումով ֆրանսիացի գրող Միլան Կունդերան։ Նա 94 տարեկան էր։ Մահվան պատճառը չի նշվում։ Այս մասին հայտնում է չեխական ČT24 հեռուստաալիքը։
Միլան Կունդերան ծնվել է 1929 թվականի ապրիլի 1-ին Բռնոյում։ 1950-ական թվականներից նա սկսեց հրատարակել էսսեներ, բանաստեղծություններ և թարգմանություններ, իսկ ավելի ուշ՝ վեպեր։ Նրա ամենահայտնի գրքերն են՝ «Կատակ», «Կեցության անտանելի թեթևությունը», «Անմահություն», «Դանդաղություն», «Ինքնություն», «Բանալիների սեփականատերը» և այլն։
1968 թվականին Կունդերան դատապարտել է Վարշավայի պայմանագրի զորքերի մուտքը Չեխոսլովակիա, ինչի համար նա հեռացվել է Կոմունիստական կուսակցությունից։ «Պրահայի գարնան» փլուզումից հետո նրան արգելել են դասավանդել, և նրա գրքերն այլևս չեն հրատարակվել։
1975 թվականին Կունդերան Չեխոսլովակիայից մեկնել է Ֆրանսիա՝ դասավանդելու Ռենի համալսարանում։ Այնտեղ նա գրել է «Ծիծաղի և մոռացության գիրքը», որի թողարկումից հետո 1979 թվականին նա զրկվել է Չեխոսլովակիայի քաղաքացիությունից։ 1981 թվականին դարձել է Ֆրանսիայի քաղաքացի։ 2019 թվականին գրողին վերադարձվել է Չեխիայի քաղաքացիությունը։
Գրողի բազմաթիվ մրցանակների թվում են Ֆրանսիական ակադեմիայի գրականության գլխավոր մրցանակը (2001) և Ֆրանց Կաֆկայի մրցանակը (2020):
Ի դեպ՝ Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» վեպը թարգմանվել և տպագրվել է նաև հայերենով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







