Հունիսի 30-ից հուլիսի 9-ը Արցախում և Հայաստանում կանցկացվի Sunrise Stepanakert մուլտիմեդիա փառատոնը։ Փառատոնի նպատակն է տարբեր ձևաչափերում աշխատող ժամանակակից արվեստագետներին ինքնադրսևորվելու հնարավորություն տալ, ասվում է հաղորդագրության մեջ։ Նախորդ տարիներին փառատոնն անցկացվում էր միայն Արցախում, սակայն այս տարի ադրբեջանցիների կողմից հանրապետության շրջափակման պատճառով այն բաժանվեց երեք քաղաքների միջև։ Միջոցառումները կանցկացվեն Ստեփանակերտում և առաջին անգամ Երևանում, ինչպես նաև Գյումրիում։
Փառատոնը ներառում է երկու ցուցահանդես Հայաստանից, Արցախից, Կանադայից, Ռուսաստանից, Արգենտինայից, 10 ֆիլմերի ցուցադրություն, 12 վարպետության դասեր և այլն։ Ցուցահանդեսի թեման EDGES-ն է: Արցախում այն կարելի է տեսնել Ստեփանակերտի պատկերասրահում, Երևանում՝ ՆՓԱԿ-ի Ժամանակակից փորձարարական արվեստի կենտրոնում։
«Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք անմիջականորեն ականատես եղանք արվեստի և մշակույթի փոխակերպող ազդեցությանը: Մեր արվեստի փառատոնը առանցքային դեր է խաղացել քաղաքի վերածննդի, հասարակության համախմբման և ինքնադրսևորվելու հնարավորությունների ընդլայնման գործում»,- ասաց փառատոնի համահիմնադիր և տնօրեն Շուշան Քեշիշյանը։
Sunrise Stepanakert Art Festiva-ի համահիմնադիր Լիլիթ Հակոբյանը նշեց, որ փառատոնն իր համար դարձել է մի տեսակ իմաստ և աջակցություն. «Երբ շրջապատում ամեն ինչ անկայուն է և մտահոգ, մեր անվերապահ նվիրվածությունը գործին, որով հանդես ենք եկել երեք տարի առաջ, ուժ և հույս է տալիս»,- ընդգծեց Հակոբյանը։
Նրա խոսքով, այս տարի կազմակերպիչներին ստիպել են փառատոնն անցկացնել հիբրիդային ձևաչափով՝ այն բաժանելով երկու քաղաքների՝ Ստեփանակերտ-Երևան։ «Ինձ թվում է՝ սա միանշանակ հայտարարություն է՝ երբ ֆիզիկական ճանապարհ չկա, դա սպեկուլյատիվ ձևի մեջ է»,- հավելեց Հակոբյանը։
Ցուցահանդեսի համադրող Բելա Պողոսյանը մատնանշեց այս տարվա միջոցառման տարբերությունը նախորդներից, քանի որ, նրա պարզաբանմամբ, ցուցահանդեսը տեղի է ունենալու Արցախի համար բավականին բարդ ժամանակաշրջանում. «Սահմանների թեման՝ թե՛ անձնական, թե՛ տարածքային, կարմիր գծերի թեման այժմ օրակարգում է։ Որպես համադրող՝ ես չէի ուզում սահմանափակել արտիստներին իմ պատկերացումներով, ուստի մենք նրանց տվեցինք «Edges»-ի ընդհանուր թեման, որպեսզի այդ ընթացքում աշխատեն իրենց գաղափարների և նախագծերի հետ»,- ընդգծեց նա:
Համադրողը նշեց, որ ցուցահանդեսը ցուցադրում է անձնական սահմանների վերաիմաստավորում, անվտանգ տարածքներ ստեղծելու կամ անձի գաղտնիություն արտաքին ներխուժումներին դիմակայելու փորձ: «Նկարիչների ստեղծագործությունները խոսում են ներքին վախերի և մշտապես տեղի ունեցող ողբերգություններին ընտելանալու մասին։ Այս ամենը, ուզենք, թե չուզենք, դառնում է մեր կյանքի մի մասը։ Ինչ-որ մեկը ընտրում է փակվել իր մեջ, ինչ-որ մեկը կռվում է, ինչ-որ մեկը փախչում է: Ինձ համար՝ որպես համադրողի, շատ կարևոր է այս փառատոնի, ինչպես նաև հիբրիդային ցուցահանդեսի կարևորության զգացումը փոխանցելը: Երեւան-Ստեփանակերտ ձեւաչափն արդեն ժեստ է. Կարևոր է տեսնել պատմական ժամանակաշրջանը ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ ողջ աշխարհի համար, ընդգծեց Պողոսյանը:
Sunrise Stepanakert-ը ամենամյա մուլտիմեդիա փառատոն է, որն Արցախում անցկացվում է 2021 թվականից։ Փառատոնի գաղափարը պատկանում է երկու հայրենադարձների՝ Քեշիշյանին Լիբանանից և Հակոբյանին Ռուսաստանից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







