Երեկ՝ նոյեմբերի 24-ին, Մաշտոցյան Մատենադարանի թանգարանում բացվեց «Կոստանդին Մեծ և Տրդատ Մեծ. Հայ-հռոմեական դաշինքը պատմության մեջ և պատկերներում» խորագրով ցուցահանդես։
Ցուցահանդեսն իրականացվում է Մատենադարանի, «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ և Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։ Միջոցառման հովանավորն է DoubleTree by Hilton Yerevan City Centre-ը։
Ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին և ներկայացնում է մ.թ. 4-րդ դարասկզբին առաջին քրիստոնյա կայսր Կոստանդին Մեծի և Հայոց առաջին քրիստոնյա թագավոր Տրդատ Մեծի հանդիպումը, նրանց պետությունների միջև կնքված «սիրո և միաբանության» դաշինքի ավանդույթը, որն անցնելով դարերի միջով՝ հարստացել է զանազան պատումներով, նկարազարդվել է և ի վերջո սրբազնացվել:
Ցուցադրության մեջ ընդգրկված են Մատենադարանի հավաքածուի 13-18-րդ դարերի ձեռագիր մատյաններ, տպագիր գրքեր, ինչպես նաև Նոր Ջուղայի (Իրանի Իսլամական Հանրապետություն) եկեղեցիներում պահվող և այս պատմական հանդիպումը պատկերող արվեստի եզակի նմուշների մեծադիր վերատպություններ:
Ցուցադրությունում առկա ցուցանմուշներից առանձնանում է Բաղեշում ընդօրինակված 16-րդ դարի հայտնի ժողովածուն, որն ունի այս թեմայով ստեղծված մեզ հայտնի առաջին մանրանկար պատկերը։
Ցուցահանդեսի գիտական ղեկավարներն են Նազենի Ղարիբյանը և Վահե Թորոսյանը, ցուցադրությունը համադրել է Գայանե Բաբայանը։ Ցուցահանդեսը կգործի մինչև 2023 թ. մարտի 31-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







