Գրեմմիի դափնեկիր, վոկալիստ, դաշնակահար, կոմպոզիտոր Ջուդիթ Հիլլը մենահամերգով կբացի «Yerevan Jazz Fest 2022» 8-րդ միջազգային ջազ փառատոնը, հայտնում է Ջազի հայկական ասոցիացիան։
Համերգը տեղի կունենա նոյեմբերի 15-ին՝ ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում, տոմսի արժեքը 3000-18 000 դրամ է, տեղեկացնում են կազմակերպիչները։
Հիլլը եղել է համաշխարհային ճանաչում ունեցող արտիստների բեք-վոկալիստը, ինչպիսիք են Մայքլ Ջեքսոնը և Ջոշ Գրոբանը: 2009 թվականին նա Ջեքսոնի հետ հանդես է եկել զուգերգով՝ կատարելով «I Just Can’t Stop Loving You» երգը նրա This Is It համերգների ժամանակ։
Փոփի արքայի մահից հետո Հիլլը This Is It-ի դերասանական կազմի հետ ելույթ է ունեցել Ջեքսոնի հիշատակի արարողության ժամանակ և գրավել ողջ աշխարհի ուշադրությունը Heal the World երգով։
Ջուդիթ Հիլի՝ համաշխարհային աստղի համբավ ձեռք բերելու մասին պատմությունը ներկայացված է «20 Feet from Stardom» վավերագրական ֆիլմում, որը պատմում է 21-րդ դարի երաժշտական լեգենդների բեք-վոկալիստների մասին:
Հիլլը նաև ֆիլմի սաունդթրեքի կատարողն է։ Այս ֆիլմն արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ լավագույն երաժշտական ֆիլմ անվանակարգում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







