ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել հայ ժամանակակից գրող Ջեսահի (Գևորգ Սահակյան) «Ալ մոնումենտ կամ մեծ մութը» վեպը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
«Մեծ մութը» վեպ է մարդկային կրքի, ազատության, աշխարհաստեղծման, աշխարհաստեղծմանը նախընթաց և հաջորդող՝ քնկոտ և կիսարթուն վայրկյանների մասին։ Սա մարտահրավեր է՝ գրելու անկաշկանդ և ոչ ընդունված ձևով:
«Վեպն այս աշխարհաստեղծման և վերջինիս նախընթաց ու հաջորդող վայրկյանների մասին է»,- վեպի մասին առաջաբանում գրել է հեղինակը:
Ջեսահը (Գևորգ Արթուրի Սահակյան ) արդի հայ արձակագիր է։
Նա սովորել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի (LSE) Սոցիոլոգիայի ֆակուլտետում, որտեղ ունեցած փորձառության մոտիվներով էլ հեղինակել է իր առաջին «Անանկենդան» վեպը։ Վերջինս «XXI. արդի հայ արձակ» մատենաշարով 2020 թվականին լույս է տեսել Անտարես հրատարակչության կողմից և 2021 թվականին արժանացել Ստեփան Ալաջաջյանի անվան մրցանակի։ Ջեսահի ստեղծագործությունները տպագրվել են նաև Գրանիշ, Գրեթերթ և Կայարան գրական հարթակներում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







