Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է «STARMUS VI» գիտության ու արվեստի միջազգային փառատոնը, որի շրջանակում երեկ տեղի է ունեցել նաև «Another World» («Ուրիշ աշխարհ») խորագրով համերգը լեգենդար «Queen» խմբի կիթառահար Բրայան Մեյի և մի խումբ անվանի երաժիշտների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ-ն։
Ինչպես հայտնի է՝ համերգի ամենասպասված իրադարձություններից մեկը Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի ելույթն էր: Խումբը կատարել է «Queen»-ի երգացանկի մի քանի հայտնի ստեղծագործություններ` շարքը եզրափակելով «We are the champions» երգով և արժանանալով հանդիսատեսի հոտնկայս ծափահարություններին: Երեկոյի ընթացքում մարզահամերգային համալիրի բեմում կատարումներով հանդես են եկել նաև Դերեկ Շերինյանը` Սայմըն Ֆիլիպսի, Ռիք Ֆիերաբրաչիի և Ռոն Թալ Բամբլֆութի հետ, անգլիացի երաժիշտ Գրեհեմ Գոուլդմանը, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը, «Նեմրա» հայկական ռոք խումբը և Գոռ Սուջյանը:
Բրայան Մեյը հատուկ կատարմամբ հանդես է եկել նաև Ջիվան Գասպարյան կրտսերի հետ՝ ի հիշատակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի: «Queen» խմբի կիթառահարն առանձնակի ջերմությամբ է հիշել Ջիվան Գասպարյանի հետ համատեղ աշխատանքը «Գլադիատոր» ֆիլմի նկարահանումների ձայնագրությունների ժամանակ։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, կառավարության այլ անդամներ:
Հիշեցնենք՝ Հայաստանում փառատոնն անցկացվում է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: «STARMUS VI» փառատոնի շրջանակում Հայաստան են այցելել աշխարհահռչակ տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակակիրներ, միջազգային ճանաչում ունեցող արտիստներ ու գիտնականներ:
Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 11-ը:





































