Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ «Երևանի օրերը` Գյումրիում» մշակութային միջոցառումների շարքը նախապես հայտարարված օգոստոսի 26-27-ի փոխարեն կկայանա սեպտեմբերի 2-3-ին:
Գերատեսչությունից մանրամասնում են, որ նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ցավալի իրադարձություններն ու դրանց հետևանքով արձանագրված մարդկային կորուստները։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 16 մարդու մահվան և ավելի քան 60 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։ Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։
Օգոստոսի 17-18-ը Հայաստանում և Արցախում սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի զոհերի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







