Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:04

Ընթերցողներին ներկայացվեց «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» հանրամատչելի հատորը

Ընթերցողներին ներկայացվեց «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» հանրամատչելի հատորը

«Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» ձեռագրերի 100-ից ավելի նկարներ և գիտահանրամատչելի նյութեր ամփոփող հատորը միտված է հանրահռչակելու Արցախի հարուստ, բայց շատերին անծանոթ միջնադարյան գրավոր ժառանգությունն իր անմիջական, կոլորիտային, աշխարհից հեռու բարձր սարերի վրա բարձր արժեքներ կերտած արցախցի ժողովրդի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անգլերեն լեզվով ուսումնասիրություն-պատկերագրքի հեղինակներն են Հրավարդ Հակոբյանը, Թամարա Մինասյանն ու Վահե Թորոսյանը:

Գրքի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ մայիսի 20-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունում, Վահե Թորոսյանն ասաց՝ հատորն ուղղված է անգլախոս միջազգային հանրությանը: «Թեև գրքի բուն թեման վերաբերում է Արցախի, Ուտիքի ձեռագրային ժառանգությանը, մանրանկարչությանը, բայց առաջին գլուխը համառոտ անդրադառնում է Արցախի և Ուտիքի քաղաքական պատմությանը, Աղվանից եկեղեցուն, Աղվանից կաթողիկոսության պատմությանը: Մատչելի ներկայացրել ենք անտիկ շրջանից մինչև 19-րդ դարի առաջին կեսը: Չափազանց կարևոր են այս հատվածում հունահռոմեական սկզբնաղբյուրները, որոնք այս կամ այն չափով անդրադառնում են Արցախին և Ուտիքին: Էական է շեշտել բուն Աղվանքի հետ Մեծ Հայքի սահմանի խնդիրը, որը ինչպես շատ պարզ գրել են, արձանագրել անտիկ շրջանի, միջնադարի օտար և հայկական աղբյուրները, եղել է Կուր գետը: Մենք վեր ենք հանում այդ իրողությունն ու խոսում միջնադարյան շրջափուլի մասին, հատկապես մանրամասն նկարագրել ենք Աղվանից մարզպանության կազմում Հայկական լեռնաշխարհի երկու նահանգների ընդգրկվելը, մարզպանության անկումից հետո Արցախի և Ուտիքի պատմությունն արաբական տիրապետության տակ լինելու շրջանը, Բագրատունյաց թագավորության, Զաքարյան Հայաստանի շրջաններն ու ամփոփել ենք Արցախի մելիքությունների շրջանը»,-պատմեց համահեղինակը:

Նրա խոսքով՝ գիրքը տեղ կգտնի Հայաստանի բոլոր ուսումնական հաստատությունների գրադարաններում և դուրս կգա երկրի սահմաններից:

Մատենադարանի տնօրեն Վահան Տէր-Ղևոնդյանն էլ շեշտեց, որ հատկապես 2020-ի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո իրենց հուզել է այն հարցը, թե բոլոր արհավիրքներից հետո ինչ կարող են անել երկրի, մշակույթի պահպանության համար: Այդ ժամանակ ՀԲԸՄ-ն հայտարարել է դրամաշնորհային ծրագիր, որը միտված է եղել տարբեր օտար լեզուներով Արցախի պատմությանն ու մշակույթին նվիրված հրատարակություններին: Մատենադարանը շահել է դրամաշնորհն ու լույս է տեսել «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» անգլալեզու հատորը:

Հատորում ներկայացվում են XIII-XVIII դդ. Արցախում և Ուտիքում ստեղծված և պահված ձեռագիր մատյանները: Դրանց մի զգալի մասը պահպանվում է Մաշտոցյան Մատենադարանում, մի մասն էլ ցրված է աշխարհի տարբեր թանգարաններում և ձեռագրատներում (Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանության, Երուսաղեմի հայոց պատրիարքության ձեռագրատներում, Լոնդոնի բրիտանական թանգարանի և Փարիզի ազգային գրադարաններում և այլուր): Ընթերցողը հնարավորություն կունենա ծանոթանալու թե’ Արցախի և շրջակայքի վանքերին ու եկեղեցիներին, թե’ գրչության կենտրոններին և թե’ այնտեղ գործած գրիչներին ու մանրանկարիչներին:

Հարևան Արցախ և Ուտիք նահանգները սերտորեն կապված են եղել ոչ միայն վարչա-տարածքային առումով, այլև դեռ վաղ միջնադարից սկսած մշակութային համագործակցության և փոխներգործության արդյունքում ձևավորել ու զարգացրել են գրչության և մանրանկարչության ինքնուրույն դպրոց:

Արցախ աշխարհը հայ գրավոր մշակույթի ու գրչության հնագույն կենտրոններից է: Արցախի և շրջակայքի վանքերին ու եկեղեցիներին կից գործող գրչատներում գրվել և ընդօրինակվել են հազարավոր ձեռագիր մատյաններ, որոնց մի փոքր մասն է պահպանվել (ուսումնասիրությունների համաձայն Արցախից մեզ հասած ձեռագրերի թիվը 185 է, որից 68-ը՝ այլ վայրերում գրված և Արցախում պահված): Արցախյան գրչագրերը պատմական հարուստ նյութեր և արժեքավոր տեղեկություններ են պարունակում Արցախ աշխարհի պատմության և հոգևոր մշակույթի, ժողովրդագրության, տեղանունների և անձնանունների վերաբերյալ, իսկ այնտեղ նկարազարդված ձեռագրերն իրենց ինքնատիպությամբ և ոճական առանձնահատկություններով վկայում են մանրանկարչական ուրույն դպրոցի և նրա բարձր զարգացածության մասին:

Հատորում ընդարձակ մի ակնարկ է նվիրված Արցախի մանրանկարչական արվեստին ու զարդանկարներին, որն ամբողջական պատկերացում կտա Արցախի և հարակից շրջանների մանրանկարչական դպրոցի և այնտեղ ձևավորված ավանդույթների մասին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+