Ֆիլմարտադրողների սահմանած պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ կարող են վատ հետևանքներ թողնել Հայաստանի կինոթատրոնների վրա. կինոթատրոններն ակնկալում են, որ իրենց գործընկեր դիստրիբյուտոր ընկերությունները կլուծեն խնդիրը։
«Երևան Մոլի» մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է՝ մոլում գործող «Կինոպարկ» կինոթատրոնը վարձույթները ձեռք է բերում Ռուսաստանից։ Նա հավելել է, որ տարածաշրջանում ֆիլմերի դիստրիբյուտորը Ռուսաստանն է համարվում։ Պայմանագրերը կազմվել են նախօրոք, չեն պատրաստվում որևէ ֆիլմ հանել ֆիլմացանկից։ Եթե պատժամիջոցները ազդեցություն ունենան, հայաստանյան կինոդիտողները կզրկվեն մեծ էկրաններին ֆիլմեր նայելու հաճույքից։
Վերջինիս խոսքով՝ ռուսական ընկերությունները պարտավորվածություններ ունեն իրենց հանդեպ։ Ակնկալում են, որ այս խնդիրները հենց նրանք պետք է լուծեն։
Ավագիմյանի խոսքով՝ չեն կարող քննարկել ֆիլմերն անգլերեն տարբերակով ցուցադրելու հարցը։ Վստահեցնում է՝ հնարավոր չէ ուղիղ ֆիլմարտադրողներից անգլերեն տարբերակով ֆիլմեր վերցնել։
«Մոսկվա» կինոթատրոնի մարքեթինգի գծով փոխտնօրեն Անահիտ Խաչատրյանի խոսքով՝ արդեն մտածում են այլընտրանքների մասին։ Դրանք շատ չեն, եթե պատժամիջոցները Հայաստանի վրա էլ ազդեն, խնդրի առաջ են կանգնելու։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







