«Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամը» սկսում է իր գործունեությունը։ Այս մասին հայտնում է հիմնադրամը։
Նրա գլխավոր նպատակն է պահպանել և հանրայնացնել Հայկոյի ստեղծագործական ժառանգությունը։
Հայկոյի ստեղծագործական ժառանգության իրավահաջորդը հանդիսանում է հենց հիմադրամը, որը նախանձախնդիր հետևելու է Հայկոյի ստեղծագործությունների հեղինակային իրավունքների պաշտպանությանն ամբողջ աշխարհում։
Հիմնադրամը նախատեսում է մշակութային և կրթական ծրագրեր, որոնք արդեն իսկ սկսում են իրագործվել։
Առաջին մեծ ծրագիրը Հայկոյին նվիրված համերգների շարքն է, որը կկայանա այս տարվա օգոստոսի 25-ին, Երևանում, ապա Միացյալ Նահանգներում՝ սեպտեմբեր ամսին։
«Մեր ծրագրերում է նաև ստեղծել «Հայկո Մյուզիք Ֆեսթ» HAYKO MUSIC FEST ամենամյա փառատոնը։ Այն նախատեսվում է ամեն տարվա օգոստոսի 25-30-ը։
Մենք ուզում ենք ստեղծել երաժշտական գրականություն՝ նոտագրելով Հայկոյի ստեղծագործությունները։ Սրա նպատակն է ժամանակակից կոմպոզիտորական միտքը դարձնել հասանելի երաժիշտների համար, դասագրքային մոտեցմամբ փորձել այն կիրառել երաժշտական ուսումնական հաստատությունների ջազային ֆակուլտետներում։
Հիմնադրամը կունենա նաև կրթական ծրագրեր և կրթաթոշակներ։
Հայկոյի 50-ամյակին ընդառաջ կստեղծվեն գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր Հայկո կոմպոզիտորի և նրա ստեղծագործական կյանքի մասին։
Հայկոյի երգերի հիման վրա կստեղծվի երաժշտական ներկայացում, որը կունենա իր խաղացանկային գրաֆիկը։
Մենք հավատում ենք, որ կարող ենք միասին մեղմել կորուստը, արժանապատիվ պահպանել եւ ցուցադրել Հայկոյի ժառանգությունը, աջակցել տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին եւ ստեղծել մշակութային նոր արժեքներ եւ վառ պահել Հայկո Հակոբյանի հիշատակը»,- ասված է հաղորդագության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







