Դեկտեմբերի 14-ին International Journal of Osteoarchaeology գիտական հանդեսը հրապարակել է Հայաստանում երեք աճյուններով գտնված հնավայրի մասին։ Աճյուններից երկուսը կին ռազմիկներ են եղել:
Հնագետները պեղումներ են իրականացրել Շիրակի մարզում գտնվող և ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջաններին վերաբերող Ջրափիի գերեզմանոցում: Գիտնականներին հաջողվել է գտնել դամբարան, որտեղ մարդկային մնացորդներից բացի եղել են զենքեր՝ դաշույն և բրոնզե նետերի ծայրեր, ինչպես նաև կենցաղային տարբեր առարկաներ՝ կավե անոթներ և հուլունքներ:
Ենթադրությունն այն մասին, որ երկու մարմինների մնացորդները պատկանել են կին ռազմիկներին, գիտնականներն արել են՝ ելնելով նրանց վրա հայտնաբերված բազմաթիվ վնասվածքների հետքերից, որոնք հաստատում են մարտերին մասնակցությունը: Աճյունների վրա երևում են գանգի կոտրվածքներ և նետերի վնասվածքներ։ Գիտնականները ենթադրում են, որ այդ կանայք աղեղնավոր են եղել։
Գերեզմանում հայտնաբերված կմախքները պատկանել են 45-50 տարեկան կնոջ, 16-20 տարեկան աղջկա և ևս մեկ մարդու (հնարավոր է՝ տղամարդու), որը մահվան պահին ավելի քան 50 տարեկան էր: Հնագետները նշել են, որ հայտնաբերված կմախքները վկայում են դրանց տերերի ֆիզիկական լավ զարգացվածության մասին, ինչպես նաեւ ունեն ազդրային ոսկորների բնորոշ փոփոխություններ, որոնք հաճախ հանդիպում են հեծյալների մոտ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







