«Անցյալ դարում գրագետ լինել նշանակում էր լինել հարգված․․․ Դա քիչ բան չէ․․․ իսկ հաճախ նաև ավելի նշանակալի։ Հիշենք Գաբրիել Գարսիա Մարկեսի այն խոսքերը, որ նա ստեղծագործել է միայն սիրված լինելու համար։
Որտեղ էլ որ գրագետ մարդը հայտնվեր, նա միշտ ուշադրության կենտրոնում էր ։ Դպրոցում, կինոյում, փողոցում, թատրոնում, տրամվայի կանգառում, գնչուական թաղամասում: Եվ խոսքն այստեղ քերականական գրագիտության մասին չէ, ոչ էլ այն ուրվականի մասին, որը ստեղծվում է ժամանակակից տեղեկատվական հեղափոխություն իրականացնողների կողմից։
Երբ անցյալ դարում որևէ մեկին գրագետ էին անվանում, դրանով արտացոլում էին տվյալ անձի նկատմամբ խորը ակնածանքը, որի մեջ պատկերվում էր այդ անձի մարդկային արժեքների ամբողջությունը։ Գրագետ մարդը կատարյալը չէր, և կատարելությունը նրա նպատակը չէր ։ Նա իրեն մխիթարել էր «nobody is perfect» (ոչ ոք կատարյալ չէ)անգլիական ասացվածքով, որի լավագույն մարմնավորումը դարձավ արգենտինացի գրող Հորսե Լուիս Բորխեսը ։
Գրագետ մարդն անհետացել է ՝ հեղեղված տեղեկատվական հեղափոխության աղբով։ Գրագետ մարդը չար, կոռումպացված չէր և չէր համաձայնում այն մտքի հետ, որ Աստված չկա:
Ծայրահեղ դեպքում, ամենամեծ բանը, որին նա կհամաձայնի Յունգի հետևյալ գաղափարն է՝ « Ավելի հիմար, քան նրանք, ովքեր պնդում են, որ Աստված կա, կարող են լինել միայն նրանք, ովքեր մերժում են Աստծուն»։
Գրագետ մարդը ձգտում էր դեպի ճշմարտությունը, բարին ու վեհը։ Նա ոչ մի բանով նման չէր այն հակահերոսին, ով դարձել է այն ժամանակի մարմնավորումը, որում մենք այժմ ապրում ենք։ Նա երբեք ամբողջությամբ չի պատկանել իրական աշխարհին, չնայած, որ մենք սեղմում էինք իր ձեռքը։ Նա ավելի շուտ հիշեցնում էր որևէ գրքից մի կերպարի, ով անսպասելիորեն դուրս է պոկվել նրա էջերից և հառնել մեր առջև, ինչպես և այն ճշմարտությունը, որ առանց հիշվող նկարների և գրքերի գլուխների գոյություն չունի գրագետ մարդ։
Գրագետ մարդը լի էր արժանիքներով։ Նա անսանձ էր, կրքոտ, ինչպես Օսկար Ուայլդը, նա կարող է խոսքով, ինչպես սրով դուրս մղել անճաշակությունը այն ամենից, ինչը ճաշակ է կոչվում, ցույց տալ մեզ «մտածելու» ճանապարհը։
Այս ամենը մեր ժամանակի հակահերոսին՝ այսպես կոչված «սելֆիի մարդուն» հատուկ չէ ՝ ինքնասիրահարված, պատմությանը չհավատացող, կորպորացիոն կապիտալիզմը որպես ճակատագիր ընդունող, ով ջանում է ապացուցել, որ իր հարևանը կամ ողջ ժողովուրդը գրոշի արժեք չունի ։ Այս հակահերոսը սելֆիներ է անում իր այֆոնով և մեծ հուզմունքով հետևում իր դեմքի կնճռոտմանը։
․․․Չէ որ պատմության գծած բարոյական և էթիկ նորմերը մենք յուրացրել ենք ոչ միայն ծնողների նկատմամբ ունեցած վախից դրդված։ Հոգևոր զարգացման դեռ նոր-նոր սկզբնավորվող գործընթացների բացահայտման ակունքներում միշտ կանգնած է եղել գրագետ մարդը։
Այսօր ով ասես, որ չի գրում, սակայն քչերն են կարդում։ Հենց այս հողի վրա էլ մեծացել է այն «ուրիշը», ում մենք «սելֆի մարդ» ենք անվանել, և ով նման է գինետանը մեր վզին փաթաթված մի վուլգար աղջնակի, ով շփոթում է մեր մտքերը, խանգարում և , ով չի հեռանա մինչ հզոր կատարսիս (ապաքինում):
Սելֆի մարդը մեծացել է հասկացությունների խառնիճաղանճ աղբակույտում , այն մտքի հետ, որ տեղեկատվական հասանելիությունը նույնն է ինչ կրթությունը , փողի և շահամոլության գաղափարախոսության իշխանության պայմաններում, որտեղ միակ արժեքավորը հենց այն անհանգստությունն է, որ արտահայտվում է դեմքի փոքրիկ կնճռին հետևելիս։ Սկզբում այս «սելֆի մարդը» իրականությունը շփոթում էր ռեալիզմի հետ, որը Դոստոևսկին անցյալ դարի վերջին ավելի ֆանտաստիկ էր համարում, քան գրականության մյուս բոլոր ուղղությունները․.. Ես ինքս ինձ հարցնում եմ, թե ինչով է չափվում այս իրականությունը և ինչի հետ է համեմատվում, եթե ոչ մեր հիշողության մեջ դաջված գրքերի գլուխների։
Եթե մարդը ի վիճակի չէ գոյություն ունեցող աշխարհը համեմատել «գոյություն չունեցողի» հետ, եթե նա չի կարողանում ստեղծել աշխարհի սեփական ընկալումը, ինչին ի զորու է միայն գրագետ մարդը, ապա այս դեպքում այդ «ուրիշն» ապրում է կյանքով, որտեղ այլևս ավելորդե են տեսախցիկները ամեն ինչ ռեալիթի շոու վերածելու համար, որի հիմնական նպատակն է ապացուցել, որ մենք սրիկաներ և գողեր ենք, ում պետք է անդադար պատժել
։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







