Լեոնորան ծնվել է հարուստ և ազդեցիկ ընտանիքում։ Նա մանկուց աչքի է ընկել իր բուռն երևակայությամբ։
Լեոնորայի ինը տարին բոլորելուց հետո ծնողները նրան ուղարկել են սովորելու կաթոլիկ փակ դպրոցում, սակայն դեռ այդ տարիքից անհնար էր կառավարել նրա անհնազանդ և հեղափոխական ոգին։ Լեոնորան մանկուց հակված էր նորի բացահայտմանը՝ այդ ճանապարհին խախտելով շատերի կողմից դոգմա դարձած կանոններ և նորմեր։ Կենսագիրները պատմում են, որ կրթության տարիներին նա փորձել է գրել մե՛կ աջ, մե՛կ ձախ ձեռքով, ապա աջից ձախ և հայելային արտացոլման։
Այս ամենի արդյունքում ճանաչվելով «մտավոր թերզարգացած» նա վտարվել է կաթոլիկ եկեղեցուց։
Մոր կողմից ստացված վրձինների և ներկերի հավաքածուն հայտարարում է Լեոնորայի ստեղծագործական բեղուն ճանապարհի սկիզբը։
Քսան տարեկանում Լեոնորան Փարիզ Է փախել 46-ամյա նկարիչ Մաքս Էռնստի հետ։
Լեոնորան իր առաջին սիրո՝ Մաքս Էռնստի հետ ծանոթացել է սյուռեալիզմի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, իսկ այնուհետ ոգևորվելով նրա կերպարով և աշխատանքներով մեկնում է Փարիզ։ Փարիզը այն մեկնակետն էր, որտեղ ձևավորվում է սյուռեալիզմի ակնառու ներկայացուցիչներից մեկի՝ Լեոնորա Կարինգթոնի (Leonora Carrington) կերպարը։
Խորհրդավոր, ինքնակենսագրական և առասպելական գեղանկարները՝ պարուրված կախարդական ռեալիզմի, ալքիմիայի, կերպարանափոխության թեմատիկայով Կարինգթոնի արվեստում միավորում են զարմանահրաշ «անիրականը» և «սուր իրականությունը»։
Նրա վրձնին են պատկանում «Դիմանկար» (1936-1937), «Սուրբ Անտոնիայի գայթակղությունը» (1947) «Աճպարար» (1954) և բազում այլ հանրահայտ կտավներ:
Լեոնարա Կարինգթոնը աշխարհին հայտնի է ոչ միայն գեղանկարչությամբ, նա զբաղվել է քանդակագործությամբ և հանդիսանում է մի շարք գրքերի հեղինակ։
Լեոնորան մի անգամ, պատասխանելով այն հարցին, թե ինչն է ոգեշնչում իրեն ստեղծագործել, զարմանքով պատասխանել է․
«Դա ես չեմ որոշում։ Դուք սով եք զգում և գնում խոհանոց․ ստեղծագործելը նույնպես ընտրություն չէ, այլ պահանջմունք» ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







