«Ոսկե ծիրան» Երևանի 16-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները:
Հուլիսի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակ ստացավ Ռիչարդ Բիլինգհեմի «Ռեյ և Լիզ» ֆիլմը, Ժյուրիի հատուկ հիշատակմանն արժանացավ Հասան Ֆազիլիի «Կեսգիշերային ճամփորդը»:
Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակ ստացավ Մարզիե Ռիահիի «Վարորդական դասեր» ֆիլմը, «Արծաթե ծիրան»-ի արժանացավ Ռատի Ցիտելաձեի «Հասարակության գերին»: Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին արժանացավ Լիլիթ Պետրոսյանի «Բայինան»:
Տարածաշրջանային համայնապատկեր մրցույթում FIPRESCI մրցանակին արժանացավ Թինաթին Քաջրիշվիլիի «Հորիզոնը»:
Վարչապետի մրցանակ (GAIFF Pro-ի կինոյի զարգացման հարթակ) տրվեց Տաթև Հակոբյանի «Թակարդը» ֆիլմին:
Նշենք, որ հերթական՝ 16-րդ միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել էր մասնակցության ավելի քան 740 հայտ: Ցուցադրության համար ընտրվել էին աշխարհի հեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի, Ռոտերդամի կինոփառատոների խաղացանկերից ֆիլմեր:
16-րդ «Ոսկե ծիրանի» լիամետրաժ մրցույթի ժյուրին նախագահում էր ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն: Միջազգային լիամետրաժ մրցույթային ծրագրի ժյուրիի կազմում ընդգրկված էին ռեժիսոր Նիկոլաս Վադիմոֆը (Շվեյցարիա), ռեժիսոր, Թեհրանի միջազգային կինոփառատոնի նախագահ Ռեզա Միրքարիմին (Իրան), պրոդյուսեր, Թրայբեկայի կինոփառատոնի գործադիր տնօրեն Էմի Հոբին (ԱՄՆ), պրոդյուսեր Էլիզաբեթ Կառլսենը (Մեծ Բրիտանիա), կինոքննադատ Պաոլո Բերտոլինը (Իտալիա), դերասանուհի, ռեժիսոր Նինո Կիրտաձեն (Ֆրանսիա):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







