Աշխարհում ամենահայտնի, սիրված ու կրկնօրինակված նկարիչներից մեկը՝ Վինսենթ Վան Գոգը, ծնվել է 1853 թ. մարտի 30-ին Հոլանդական Գրոտ-Զյունդերտ քաղաքում: Հոլանդացի նկարիչը ուշ իմպրեսիոնիզմի (պոստիմպրեսիոնիզմ) ամենախոշոր ներկայացուցիչներից է գեղանկարչության մեջ:
4 տարի գիշերօթիկ դպրոցում սովորելուց հետո 15 տարեկան հասակուն Վան Գոգն ինքնակամ հեռանում և այլևս չի վերադառնում դպրոց:
Վան Գոգն ուսումնասիրել է աստվածաբանություն, 1878–79 թթ․ եղել է քարոզիչ Բելգիայի Բորինաժ քաղաքում: 1880–81 թթ․ հաճախել է Բրյուսելի, իսկ 1885–86 թթ․՝ Անտվերպենի գեղարվեստի ակադեմիաները:
Հոլանդացի պոստիմպրեսիոնիստ նկարիչը ապրել է 37 տարի և միայն կյանքի վերջին 10 տարիներին է զբաղվել նկարչությամբ:
Վան Գոգը պատկերել է ընչազուրկներին՝ Բորինաժի հանքափորներին, ավելի ուշ՝ գյուղացիների, արհեստավորների, ձկնորսների, որոնց կենսակերպին ծանոթացել է 1881–85 թթ․, Հոլանդիայում: 1883 թ․ նա ստեղծել է իր առաջին նշանակալի՝ հասարակ մարդկանց նկատմամբ սիրով լի նկարաշարերը («Գեղջկուհի», «Կարտոֆիլ ուտողները», «Քարածուխ տանող կանայք», «Արտասովոր կինը», «Օջախի առջև», «Մորմոքող ծերունին» և այլն), որտեղ արտահայտել է բնորդների հոգեկան լարվածությունը, տառապանքն ու ընկճվածությունը:
1886-1888 թթ. Վան Գոգի ստեղծագործական կյանքի ամենաակատիվ և արդյունավետ շրջանն է եղել: Այս շրջանում նկարիչն ստեղծել է շուրջ 230 կտավ:
1888 թ․ հոլանդացի տաղանդավոր նկարիչը տեղափոխվել է Ֆրանսիայի Առլ քաղաք, որտեղ վերջնականապես ձևավորվել է նրա ստեղծագործական յուրահատուկ ոճը: Նկարիչը գույների հակադրությամբ արտահայտել է իր հուզավիճակն ու վերաբերմունքն աշխարհի նկատմամբ:
Վան Գոգի կյանքի շրջանի կարևոր իրադարձություններից է Պոլ Գոգենի հետ հանդիպումը։ Այս այցը սակայն ավարտվում է վեճով և աշխարհին հայտնի կտրված ականջի պատմությամբ: Վարկածներ կան, որ Գոգենն է կտրել Վան Գոգի ականջը՝ վեճի ժամանակ ինքնապաշտպանվելիս, մեկ այլ վարկածի համաձայն Վան Գոգն ինքն է կտրել սեփական ականջը՝ կատաղության նոպայի և աբսենտի ազդեցության տակ: Թե ինչ է եղել իրականում, պարզ չէ, սակայն այս միջադեպի արդյունքում Վան Գոգը ստեղծել է մի քանի ինքնանկարներ կտրված ականջով և վիրակապով:
1889 թ. Առլի բնակիչները բողոք են գրում քաղաքապետարան՝ խնդրելով իրենց ազատել այդ «կարմրահեր խենթի» ներկայությունից: Վան Գոգն ինքնակամ որոշում է հոգեբուժարան գնալ:
Հիվանդանոցում նրան թույլ են տալիս նկարել դրսում՝ հսկողության տակ: Հենց այդ շրջանում է ծնվում նրա ամենահայտնի գործերից մեկը՝ «Աստղազարդ գիշերներ» կտավն ու և մի շարք այլ նկարներ:
Նյարդային նոպաները, սակայն, գնալով անտանելի և հաճախակի էին դառնում: Դրանցից մեկի ժամանակ նկարիչը կուլ է տալիս ներկերը: Չնայած սուր արտահայտված հոգեկան խնդիրներին՝ նրա եղբայր Թեոյի ջանքներով Վինսենթը 1890 թ. Փարիզում մի ցուցադրության է մասնակցում և իր «Առլյան կարմիր խաղողի այգիներ» կտավը վաճառում է բավական բարձր գնով՝ 400 ֆրանկ: Սա Վան Գոգի կենդանության օրորք միակ վաճառված կտավն էր։
1890 թ․ հուլիսի 27-ին Վան Գոնն հերթական անգամ դուրս է գալիս այգի նկարելու, սակայն կրակում է ինքն իր վրա, ինքնուրույն վերադառնում հիվանդանոց, պառկում անկողնուն և սկսում ծխել հանգիստ: Հուլիսի 29-ին նկարիչը մահանում է՝ եղբորը՝ Թեոյին, «Թախիծը հարատև է» ասելով։