Մարդկանց դաստիարակում են կրթական հաստատությունները՝ մանկապարտեզը, դպրոցը, բուհը… Իսկ թատրոնը․․․ թատրոնը ճաշակ է ձևավորում՝ հղկում անհատին: Քանի — քանիսն են հղկվել այստեղ, քանիսն են հեռացել ոգևորված, քանիսը խեղդող թախիծը շալակած:
Ստեփանակերտի դրամատիկական թատրոնն այսօր դժվար ժամանակներ է ապրում, այն հյուրի կարգավիճակով իր գործունեությունը ծավալում է Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատի փոքր դահլիճում, որտեղ պայմանները ամենաչնչին իսկ աղերսները չունեն հարազատ շենքի պայմանների հետ։
Շատ փոքր բեմը, չունի բարձրություն ու խորություն, տեխնիկապես հագեցած չէ, դահլիճը չունի համապատասխան թեքություն, այդուհանդերձ թատրոնի անձնակազմն իր ղեկավարի հետ փորձում է լուծումներ գտնել: Ու նման պայմաններում, երբ դահլիճում կարող են տեղավորվել ընդամենը 100 հոգի, հանդիսատես կորցնելու վտանգ չունեն։
Այսօր փորձ է արվում համաժաղովրդական զորաշարժով վերանորոգել Ստեփանակերտի այս ինքնատիպ ճարտարապետական շենքը։ ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցաբար աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ և « Արցախ իմ սեր » խորագրով թատերահամերգային մի շարք կոլեկտիվներ բարեգործական համերգներով ու ներկայացումներով հանդես են եկել և կգան, որի հասույթը կտրամադրվի շենքի վերանորոգմանը։ Եվ որի համար Արցախի թատերարվեստի գործիչներն ու հանդիսատեսը իրենց երախտագիտությունն են հայտնում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







