Շարունակելով մեծանուն արցախցիների շարքը՝ այսօր ձեզ ենք ներկայացնում հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, ԽՍՀՄ գրողների միության անդամ Վազգեն Օվյանի կյանքն ու գրական կենսագրությունը:
Վազգեն Օվյանի իսկական ազգանունն Օհանջանյան էր, սակայն, ինչպես շատ գրողներ, նա էլ որոշեց հանդես գալ գրական կեղծանվամբ: Անվան և ազգանվան առաջին տառերի և «յան» վերջավորության մեկտեղումը ծնեց Օվյան ազգանունը:
Արցախցի գրողը ծնվել է 1932 թվականի հունվարի 6-ին ԼՂԻՄ Ստեփանակերտի շրջանի ( այժմ Ասկերանի շրջանի) Դաշուշեն գյուղում:
Սովորել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի Հայոց լեզվի և գրականության բաժնում: Ավարտելուն պես Օվյանը սկսեց դասավանդել Ադրբեջանական ԽՍՀ Վարսաշենի շրջանի Ճալեթ գյուղի ութամյա դպրոցում:
Վազգեն Օվյանը ծառայել է նաև ԽՍՀՄ Զինված ուժերում` 1955-1958թթ.:
Մեծանուն բանաստեղծն իր գյուղի նվիրյալն էր: Զորացրվելուց հետո վերադարձավ հայրենի գյուղ և դասավանդում էր Դաշուշենի յոթնամյա դպրոցում:
1961 թվականին զբաղեցրել է Ստեփանակերտի կուլտուրայի շրջանային տան տնօրենի պաշտոնը, ապա իր ստեղծագործական ճանապարհը շարունակեց ԼՂԻՄ ռադիոհաղորդումների մարզային կոմիտեում: Նրա առաջին բանաստեղծությունը լույս էր տեսել 1948 թվականին, իսկ ահա առաջին գրքի շնորհանդեսը 1961-ին էր:
Վազգեն Օվյանի լավագույն ստեղծագործությունները, այդ թվում նրանք, որոնք բացահայտ ուղղված էին խորհրդային մեծ ու փոքր ղեկավարներին, արտացոլում էին կուռքերի, վերջը չերևացող ժողովների ու ծափերի վրա հիմնված խորհրդային իրականության զավեշտաողբերգական դեմքը:
Վազգեն Օվյանը վախճանվել է 1987 թվականի փետրվարի 23-ին Ստեփանակերտում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







