Ամփոփվեցին «Նոր Ալիք 2019» ամենամյա միջազգային երաժշտական մրցույթի արդյունքները։ Մրցույթի հաղթող ճանաչվեց Ալբանիայի մասնակիցը՝ Ինիս Նեզիրին։ Հայաստանյան պատվիրակ Արտյոմ Հակոբյանը մրցույթային երեք օրերի արդյուքնում հավաքել է 230 միավոր և զբաղեցրել 9-րդ հորիզոնականը։
Armenia Today-ը զրուցել է «Նոր Ալիք 2019»-ի հայաստանյան պատվիրակի հետ՝ մրցույթից ստացած տպավորությունների և առաջիկա ծրագրերի մասին։
Խոսելով մրցութային երեք օրերի ընթացքում ունեցած իր ելույթների մասին, Տյոմը նշեց, որ արել է իր ուժերի սահմաններում հնարավորը և անհնարը՝ լավ ներկայանալու համար․ «Ուզում եմ անհամեստություն անել և ասել, որ շատ գոհ եմ իմ երեք ելույթներից։ Իմ հնարավորությունների սահմաններում արել եմ ամեն բան մեր երկիրը լավ ներկայացնելու համար։»
Տյոմը կիսվեց մրցույթից ստացած տպավորություններով․ «Ուզում եմ նշել, որ ամեն բան շատ լավ էր կազմակերպված, սակայն ես համամիտ չեմ գնահատականների հետ և խոսքը ոչ միայն ինձ տրված, այլև մի քանի այլ մասնակիցների տրված գնահատականների մասին է։ Թեպետ դա ժյուրիի սուբյեկտիվ կարծիքն է, բայց կարծում եմ՝ կային մասնակիցներ, ովքեր արժանի էին շատ ավելի բարձր գնահատականների, քան ստացել են»:
Տյոմը մեզ պատմեց նաև մասնակիցների հետ ունեցած իր հարաբերությունների մասին․
«Մասնակիցների հետ ունեցել եմ դրական, շատ ջերմ հարաբերություններ և, երբ միմյանց հրաժեշտ էինք տալիս, բոլորս էլ շատ տխուր էինք, քանի որ 17 օր բոլորս միասին ենք եղել և հասցրել էինք ընկերանալ, բայց, ինչպես ասում են, ամեն բան ունի իր սկիզբը և ավարտը»։
Մրցույթային երկրորդ օրը մասնակիցները պետք է երգեին հատուկ իրենց համար գրված երգեր, արտիստը խոսեց իր երգի արձագանքների մասին․
«Գոռ Սուջյանի և Աննա Հարությունյանի հեղինակած Let me Feel You երգը վստահաբար կարող եմ ասել, որ շատ սիրվեց հանդիսատեսի կողմից և ինձնից անընդհատ հարցնում էին, թե որտեղից կարող են գտնել երգը։ Երևան վերադառնալուն պես երգի հիմնա վրա կամ տեսահոլովակ, կամ ձայնագրություն կլինի, որպեսզի մարդիկ կարողանան այն վերբեռնել իրենց հեռախոսների մեջ»:
Այս տարվա «հանդիսատեսի համակրանք» մրցանակը ստացել է Իսպանացի երգիչ Խուանը։ Քվեարկությունը եղել է օնլայն, սակայն Տյոմի էջերում չկան հղումներ և հորդորներ իրեն քվեարկելու։ Երգիչը պարզաբանում է․
«Այո,«հանդիսատեսի համակրանք» մրցանակը ստացել է Իսպանացի երգիչ Խուանը։ Քվեարկությունն անց է կացվել «Օդնոկլասնիկ» սոցիալական կայքում և ես բնականաբար չէի տեղադրելու որևէ հղում իմ էջում, որովհետև Հայաստանում ոչ ոք չի օգտագործում այն»:
Հետագա ծրագրերի մասին երգիչը խոսել չցանկացավ ասելով, որ հանդիսատեսը սպասի նորությունների։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







