Մխիթարյան միաբանությունը հոգևոր, ուսումնակրթական, գիտական և մշակութային կազմակերպություն է, որը հիմնադրվել է Մխիթար Սեբաստացու կողմից՝ 1701 թ-ի սեպտեմբերի 8-ին Կոստանդնուպոլսում: 1717 թ-ին միաբանությունը հաստատվել է Վենետիկի մերձակա Սբ Ղազար կղզում, իսկ Մխիթարյան է կոչվել Սեբաստացու մահվանից հետո:
Միաբանությունը գործունեություն է ծավալել 2 ուղղությամբ՝ կրոնական-կաթոլիկական և հայագիտական-բանասիրական։
Միաբանության օժանդակությամբ լույս են տեսել մի շարք պատմա-աշխարհագրական, կրոնական-կաթոլիկական, լեզվաբանական և բառարանագիտական, լրական-գեղարվեստական, հնագիտական և անգամ տնտեսագիտական աշխատություններ։
Մխիթարյան միաբանության հիմնադրումից ի վեր Սբ Ղազար են այցելել հազարավոր զբոսաշրջիկներ և գիտնականներ: Հանրաճանաչ այցելուներից են բանաստեղծ Ջորջ Բայրոնը, գրողներ Վալտեր Սկոտը, Ստենդալը, Ալֆրեդ դը Մյուսեն, Ժորժ Սանդը, հայագետ, լեզվաբան Հայնրիխ Պետերմանը, կոմպոզիտոր Ժակ Օֆենբախը, դերասանուհի Էլեոնորա Դուզեն և ուրիշներ:
Միաբանության անդամները սերտորեն համագործակցում են ՀՀ գիտնականների հետ, մասնակցում հայագիտական գիտաժողովների:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







