Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգում՝ Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում, 2018 թվականին տեղադրվել է հայկական գամփռի արձանը,որի հեղինակն է հայ քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը, ով հեղինակ է նաև մի շարք այլ հայտնի արձանների, որոնք տեղադրված են Երևանում։
Դրանցից են ,օրինակ, Արգիշտիի արձանը Էրեբունի հնագիտական թանգարանի դիմաց, Տիգրան Մեծի հուշարձանը, Մարտիրոս Սարյանի արձանը և մի շարք այլ արձաններ, որոնց, ի դեպ, կարելի է հանդիպել ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի այլ քաղաքներում։
Հայկական գամփռի բրոնզե արձանը բերվել է Ամստերդամից։ Արձանի պատվանդանին հայերեն և անգլերեն լեզուներով գրված է․
«Ամստերդամի հայ համայնքից Երևան քաղաքին 2800-ամյա հոբելյանի առթիվ»։ Այս արձանը նվեր է ոչ միայն Ամստերդամի հայ համայնքի, այլև ուղղակի քաղաքացիների կողմից, որովհետև «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի կողմից կազմակերպված դրամահավաքին միայն հայեր չէ, որ մասնակցել են և ցանկություն ցուցաբերել՝ Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ որևէ նվեր անելու։
Իսկ ահա հայկական գամփռի ընտրությունը պայմանավորված է մշակութային ժառանգության պահպանման սկզբունքներով։
Նշենք, որ միջազգային կինոլոգիական միությունը Հայկական գամփռ շնատեսակին շնորհել էր Հայաստանի ազգային ցեղատեսակի կարգավիճակ և այն փաստացի հայկականության խորհրդանիշներից մեկն է համարվում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







