Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը գրառում է կատարել, որտեղ ասվում է, որ Ռումինիայի խորհրդարանի պատգամավորներ Վարուժան Փամբուկչյանի և Վարուժան Ոսկանյանի նախաձեռնությամբ առաջադրվել և սենատի կողմից հաստատվել է նախագիծ՝ հոկտեմբերի 12-ը հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու վերաբերյալ։
Ընդունված նախագիծը ենթադրում է, որ հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օրվա տոնակատարությունը կազմակերպվելու են կենտրոնական և տեղական հանրային կառավարման մարմինների վարչությունների և դրանց ենթակայության տակ կամ համակարգման ներքո գտնվող հաստատությունների, քաղաքացիական հասարակության և ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից` հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի ժողովրդականացմանն ուղղված մշակութային, կրթական, գեղարվեստական, սոցիալական կամ գիտական ծրագրերի ու միջոցառումների կազմակերպման կամ մասնակցության միջոցով:
Դեսպանը նաև նշել է, որ Համաձայն Ռումինիայի ներքին ընթացակարգերի՝ օրինագիծը պետք է նաև հավանություն ստանա Խորհրդարանի Ստորին պալատի կողմից և ստորագրվի երկրի նախագահի կողմից։
Փաստենք, որ սա բավականին կարևոր ձեռքբերում է ՝ երկու երկրների միջև բարեկամական կապերի հաստատման գործընթացների համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







