Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Բաբկեն Չոբանյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Բաբկեն Չոբանյանին ՀՀ վաստակավոր արտիստի կոչում է շնորհվել ՀՀ վարչապետի միջնորդությամբ՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի։
Բաբկեն Չոբանյանը Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան է։ Ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 9-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ 4-րդ դասարանից սկսել է հաճախել Աննա Պետրոսյանի դպրաթատրոն, որը գործում էր եկեղեցուն կից։ 1999-2007 թվականներին աշխատել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։
2015 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից պարգևատրվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







