Երևանում այսօր կոմիտասյան շունչ է։ Քաղաքի տարբեր հատվածներում Մեծ Վարդապետին նվիրված միջոցառումներ ու համերգներ են։ Նրա անվան կոնսերվատորիայի այգում էլ կոմպոզիտոր-երգահանի ծննդյան օրվա առթիվ ելույթ ունեցան Կոմիտասի անվան լարային քառյակն ու «Ալեակ» ֆոլկ եռյակը։
95 տարի առաջ Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանողների կողմից ստեղծված «Կոմիտաս» լարային քառյակը տարիների ընթացքում կազմել են տարբեր երաժիշտներ։ 2010 թվականից քառյակի գեղարվեստական ղեկավարը ժողովրդական արտիստ, պետական մրցանակի և միջազգային մրցույթների դափնեկիր Էդուարդ Թադևոսյանն է։ «Կոմիտաս» քառյակի կազմում Թադևոսյանը հանդես է եկել աշխարհի բազում երկրներում՝ Մեքսիկայից մինչև Կոլումբիա, Շոտլանդիայից մինչև եվրոպական տարբեր երկրներ։ Վերջերս էլ համերգներով հանդես եկավ Ֆրանսիայում:
«Երբ ես նվագում եմ Բեթհովեն կամ Շուման, բեմի վրա մոռանում եմ իմ ազգային պատկանելիության մասին, բայց երբ Կոմիտաս եմ նվագում, գեներս են խոսում։ Աստվածային երաժշտություն է, առանց որևէ միջնորդի զրուցում ես Աստծո հետ»,- հպարտությամբ նշում է քառյակի գեղարվեստական ղեկավարը։
Թադևոսյանի կարծիքով՝ Կոմիտասի մեծությունը նրա պարզության ու մաքրության մեջ է։ Ասում է, որ բոլոր այն երկրներում, որտեղ համերգներով հանդես են եկել, մարդիկ այնպես են ընդունել, կարծես Կոմիտասն իրենցը լինի։ «Տաք Աֆրիկայում, Սառը Շվեդիայում, Դանիայում․․․ամենուր․ սա նշանակում է, որ Կոմիտասը ոչ միայն համազգային մեծություն է, այլև համամարդկային»։
Ինչպես ինքն է պնդում, Կոմիտասին հասկանալն ու ընկալելը հեշտ չէ․ կյանք է պետք ապրել։
Աննա Կոստանյան