Կոմիտասի թողած գրական ու երաժշտական ժառանգության մեջ իրենց ուրույն տեղն ունեն նրա նամակները:Դրանցում խտացված են մեծ մտածողի, մարդու ու քաղաքացու խոհերը, երազանքները, արվեստագիտական հայացքները: Կոմիտասին մի նոր կողմից բացահայտելու նկատառումով Ձեզ ենք ներկայացնում նրա նամակներից մի քանիսը՝ հատվածաբար.
Հովհաննես Թումանյանին
«Սիրելի՛ Յովհաննէս,
Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ի՞նչ է, որ մարդս նորանէն վախենայ, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբէրն իր ճտերով չէր կարող մուտք գործել:
Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան, բարի՛. դաշնամուրի հոգ մի՛ անիր. իմ գալու կամ քո գալուդ նպատակն է լինելու միայն ևէթ բառերը՝ բանաստեղծութիւնը լրացնել դերակատարներով և երգերով, մի խօսքով՝ կազմել լիբրէթթօն: Իսկ միւս բաները՝ երաժշտականը, կկազմեմ ես միայն Էջմիածնում, ուր իմ սենեակում հարկաւոր յարմարութիւններն էլ կան ինձ համար:
Ես որոշել եմ այս ամառն անցնել Էջմիածնում, բայց մի 10 օրով կգամ Դիլիջան, մինչև «Անուշը» լրացնենք:
Իշխանուհի Թումանեանին յատկապէս բարևներս յիշիր:
Քեզ, տիկնոջ, ճտիկներիդ էլ մի բոլ գնացքով սիրալիր ողջոյններս:
Համբոյրներով՝
քո Կոմիտաս»:
Մարգարիտ Բաբայանին.
Սիրելի՛ օրիորդ Մարգարիտ,
Ձեր նամակն ինձ շատ մխիթարեց, բայց և այնպէս, մարդիկ հաւատում են աւելի վատ լուրերին, քան լաւերին. և անուանարկուածը երկար ջանք պէտք է գործ դնէ, որ կարողանայ անպիտանների միտքն էլ մաքրէ: Բայց կասէք, ի՞նչ փոյթ, թող չարն իր չարութեան մէջ խեղդուի: Իրաւ է, ես էլ եմ կրկնում ժողովրդի հետ այն վեհ միտքը, թէ՝ «գէշ մարդու օր արևը սև հողի տակով արէք». Միևնոյն ժամանակ աջ ու ձախ եմ նայում, տեսնում, որ մարդիկ առաւել վատահոգի են, քան բարեհոգի. չկան, եթէ կան, չեն երևում այնպիսիները, որոնք չարերի վերայ արհամարհանք տածեն. ընդհակառակը, մարդկային թոյլ և շատ տկար կողմերից մէկն էլ այն է, որ լսածին հաւատալ են ուզում առանց ճշմարտութեան կշիռ ունենալու, այո՛, շատ հեշտ է դատելը՝ մանաւանդ ուրիշին, բայց դատուել ո՞վ է ցանկանում. մարդասպանը նոյնիսկ դատից խուսափում է, ո՜ւր մնաց անմեղն ու անպարտը: Ես էլ, թէև ներսս բոլորովին մաքուր ու ջինջ է, ինչպէս պայծառ ու յստակ վտակ, բայց չար մարդիկ քար են ձգում ու պղտորում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







