Հոկտեմբերի 14-21-ը Հայաստանում «Ավրորա» ֆորումի շրջանակում տեղի են ունենալու մի շարք միջոցառումներ Երևանում, Գյումրիում, Դիլիջանում, Տաթևում և Շուշիում:
Հոկտեմբերի 17-ի միջոցառումների կիզակետը Գյումրին է, որտեղ նախատեսված են լայնամասշտաբ միջոցառումներ բարեկամության, երախտագիտության և մարդասիրության խորհրդի ներքո: Այս մասին հաղորդում է «Ավրորա» ֆորումը:
Հանրային միջոցառումները կսկսեն Երախտագիտության ֆլեշմոբով, որը կանցկացվի Գյումրիի Վարդանանց հրապարակում, որից հետո ֆորումի շրջանակում տարբեր երկրներից Հայաստան ժամանած բարերարները, Բարի կամքի դեսպանները և «Ավրորա» մրցանակի դափնեկիրները կայցելեն Գյումրիի «Բարեկամություն» զբոսայգի՝ մասնակցելու այգու վերականգնման նախագծին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Վերակառուցման ծրագիրն իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի՝ Գյումրիի զարգացման ծրագրի շրջանակում:
Հոկտեմբերի 17-ի երեկոն գյումրեցիների համար կամփոփվի Վլադիմիր Ավետիսյանի և D’Black Blues Orchestra միջազգային բլյուզ խմբի բացօթյա, մեծ համերգով, որի բացումը նախատեսված է 18:00-ին Bambir հայկական ֆոլկ-ռոք խմբի և TmbaTa նվագախմբի ելույթով:
Համերգը նվիրված է լինելու բարեկամության և երախտագիտության խորհրդին:
«Ավրորա» ֆորումը բացառիկ և հավակնոտ նոր ասպարեզ է, որը կոչված է խթանելու դրական զարգացումներ և նպաստելու մարդկության հավաքական ներուժի իրացմանը՝ միտված տեխնոլոգիական, գիտական, կրթական, սոցիալական և մարդասիրական ոլորտների հրատապ մարտահրավերների հաղթահարմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







