Հայ մեծանուն կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Սպենդիարյանը ծնվել է 1871թ. նոյեմբերի 1-ին Ռուսական կայսրության Կախովկա քաղաքում՝ առևտրականի ընտանիքում: Սպենդիարյանը բազմանդամ ընտանիքի երկրորդ երեխան էր, ով իր երաժշտական ունակությունները ժառանգել էր մորից: Այս առիթով ասել է. «…Իմ մանկության և պատանեկության տարիների երաժշտական ազդեցություններից ամենաուժեղը մորս դաշնամուր նվագելն էր, ինչը ես շատ էի սիրում ունկնդրել և ինչն, անկասկած, իմ մեջ սեր արթնացրեց դեպի երաժշտությունը…»:
Տաղանդավոր հայորդին դաշնամուր նվագել սկսել է դեռևս չորս տարեկանից, իսկ արդեն յոթ տարեկանում գրել է իր առաջին վալսը:
Սպենդիարյանն իր նշանակալից տեղն ունի հայկական երաժշտության պատմության մեջ: Տաղանդավոր կոմպոզիտորը հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրներից մեկն է, ով, յուրացնելով ժողովրդական երաժշտության օրինաչափությունները, դաստիարակվելով եվրոպական և մասնավորապես ռուսական դասական երաժշտության ավանդույթներով, ընդլայնել է ազգային երաժշտության շրջանակները։ Նա է հիմք դրել հայ սիմֆոնիկ երաժշտությանը` հարստացնելով կամերային երաժշտությունը: Անգնահատելի է նրա դասական «Ալմաստ» օպերան, որը գրել է` ոգեշնչվելով Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմից:
Ալեքսանդր Սպենդիարյանը թողել է հարուստ երաժշտական ժառանգություն` քառասունից ավելի երգեր ու ռոմանսներ, մի շարք կամերա-գործիքային և սիմֆոնիկ ստեղծագործություններ, մեկ օպերա, մի շարք խմբերգեր ու վոկալ անսամբլներ:
Սպենդիարյանի անունով է կոչվում Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







