Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ներկա է գտնվել «Երևան ջազ ֆեստ-2019» 5-րդ ամենամյա միջազգային փառատոնի փակման արարողությանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն ունկնդրել են «Երևան ջազ ֆեստ-2019»-ը եզրափակող համերգը, որի ընթացքում ցուցադրվել է հայկական ջազին նվիրված առաջին անիմացիոն ֆիլմը։
Համերգին ելույթներ են ունեցել հայտնի երաժիշտներ Վահագն Հայրապետյանը, Հրանտ Սթյուարթը, Ջոն Մարշալը և Լյուսի Եղիազարյանը։
Համերգի ավարտին փառատոնի կազմակերպիչները վարչապետին են նվիրել փառատոնի պաստառը՝ օրվա երեկոյին ելույթ ունեցած երաժիշտների ստորագությամբ:
Համերգի վերջում Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին նման բարձր մակարդակի փառատոն անցկացնելու և օրվա գեղեցիկ համերգի համար:
Նշենք, որ «Երևան ջազ ֆեստ»-ը Հայաստանում առաջին մեծամասշտաբ ջազ երաժշտության փառատոնն է, որն անցկացվում է 2015 թվականից։ Այն կազմակերպվել է Ջազի հայկական ասոցիացիայի և «Մեցցո Պրոդաքշն»-ի համատեղ նախաձեռնությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







