Ռուսական առաջին ալիքի եթերում մեկնարկել է ”Голос”՝ «Ձայն» նախագծի 8-րդ եթերաշրջանը։
Առաջին փուլում՝ կույր լսումների վերջին օրը, ելույթ ունեցավ մեր հայրենակից Վրեժ Կիրակոսյանը։
Վրեժ Կիրակոսյանը հանդես եկավ կոմպոզիտոր Գրեգորիո Ալլեգրիի ”Miserere” ստեղծագործությամբ։ Վրեժի ելույթի ժամանակ ժյուրիի անդամներից պտտվեց միայն հայտնի պրոդյուսեր և կոմպոզիտոր Կոնստանդին Մելաձեն։
Մելաձեն նշեց, որ շրջվել է, քանի որ Վրեժը չհանձնվեց։
«Կատարման վերջին փուլում, երբ ժյուրիի անդամներից դեռ ոչ ոք չի պտտվել, մի շարք կատարողներ տեսնելով՝ հնարավորություն չկա, սկսում են ավելի ու ավելի վատ երգել։ Դուք պայքարեցիք մինչև վերջ։ Հենց վերջին նոտան էլ խոսում էր Ձեր լավատեսության և բնավորության մասին», — ասաց Մելաձեն։
Նշենք, որ 2011 թվականին Վրեժ Կիրակոսյանը դարձել է հայաստանյան X factor նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող։
Հիշեցնենք, որ «Ձայն» նախագծի 8-րդ եթերաշրջանին մասնակցում է նաև հայազգի տաղանդավոր մեկ այլ երգչուհի՝ Իննա Սայադյանը։
Իննան հանդես է եկել դուդուկի հնչյունների ներքո «Սարերի հովին մեռնեմ» հայկական ժողովրդական ստեղծագործությամբ:
Տաղանդավոր երգչուհին իր կատարմամբ ցնցել է ժյուրիի 4 անդամներին և ողջ հանդիսատեսին։
Իննա Սայադյանը ևս Մելաձեի խմբում է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







