Այսօր հռչակավոր խմբավար, Հայաստանի ազգային հերոս, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի ծննդյան օրն է:
Հռչակավոր խմբավարը ծնվել է 1928թ. դեկտեմբերի 23-ին Ստամբուլում:
Նա ավարտել է Վիեննայի Մխիթարյան դպրոցի Ստամբուլի մասնաճյուղը, սովորել է Saint-Michel (Սեն-Միշել) ֆրանսիական քոլեջում, մասնագիտացել` Փարիզի Ecol normale de Musique (Էկոլ նորմալ դը Մյուզիք) կոնսերվատորիայում` Փարիզի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր, պրոֆ. Ժան Ֆուրնեի դասարանում: Նրա կրթությունն այսքանով չի սահմանափակվել. սովորել է նաև քիմիական հետազոտական ինստիտուտում՝ ստանալով ինժեներ-քիմիկոսի դիպլոմ:
Հովհաննես Չեքիջյանը 5 տարեկանից դաշնամուր է նվագել: 1947թ. նա Ստամբուլի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորն էր, 1957թ.-ից՝ իր ստեղծած «Չեքիջյան» երգչախմբի խմբավարը, 1958-1961թթ.՝ օպերային թատրոնի երաժշտական ղեկավարն ու պետական երգչախմբի գլխավոր դիրիժորը:
1961թ.Չեքիջյանը մշտական բնակություն է հաստատում Հայաստանում, շուտով նշանակվում է Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր:
2017 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հովհաննես Չեքիջյանին շնորհվեց «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







