Այսօր հայ կինոարվեստի գիգանտներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1924 հունվարի 9-ին Թիֆլիս քաղաքում` հնավաճառի ընտանիքում։ 1945թ-ին ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի/ՎԳԻԿ/ ռեժիսորական ֆակուլտետը: 1952թ-ից աշխատել է Կիևի Դովժենկոյի անվան կինոստուդիայում՝ որպես բեմադրիչ ռեժիսոր:
1964թ-ին «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմով նա համաշխարհային հռչակ է ձեռք բերում: Սակայն 1965-ին նա սկսում է նկարահանել ֆիլմ՝ «Կիևյան որմնանկարներ»-ը, որն ուներ հակապատերազմական բովանդակություն և որը շուտով արգելվում է իշխանությունների կողմից։
1966թ-ին նրան հրավիրում են Հայաստան։ Փարաջանովը պետք է նկարահաներ մեր մեծ աշուղի՝ Սայաթ- Նովայի մասին պատմող ֆիլմ: Նա մեծ ոգևորությամբ նկարահանում է այդ ֆիլմը, որը էկրաններին հայտնվեց «Նռան գույնը» անունով:
Փարաջանովի ստեղծագործական ուղին այնքան էլ հարթ չընթացավ. Նրա կյանքի մի մասն անցավ բանտում՝ 1974-1978թթ. ՈՒկրաինայում և 8 ամիս Թիֆլիսում՝ 1982թ.: Այս ժամանակաջրջանում իրեն ուղղված մեղադրանքների մասին նա հետագայում գրել է. «Որպեսզի ինձ մեղադրանք առաջադրվեր, ինձ անվանեցին հանցագործ, գող, հակախորհրդային անձ: Մարմնիս վրա նույնիսկ ոսկի էին փնտրում, այնուհետև վերագրեցին համասեռականություն և դատապարտեցին դրա համար: Որպեսզի հանցագործությունն ինձ վերագրեն, 6 դատախազ մոբիլիզացվեց»:
Նա անգամ բանտային տարիներին շարունակեց ստեղծագործել՝ գծանկարների, կոլաժների, տիկնիկների, գլխարկների և այլ ժանրերում:
Փարաջանովը վախճանվեց Երևանում՝ 1990թ-ին:Այսպիսով, կինոյի աշխարհը կորցրեց իր մեծագույն ներկայացուցիչներից մեկին:Նրա ներկայությունն, իհարկե, շարունակվեց իր արվեստի ներկայացման միջոցով.1991թ-ին Երևանում բացվեց հանճարեղ ռեժիսորի և արվեստագետի թանգարանը, որը մի յուրօրինակ բնակատեղի է, ուր թևածում է Փարաջանովի շունչը:
Փարաջանովը բերեց նոր էսթետիկ համակարգ, որը ներդաշնակեցնում է հայկականն ու արևելյանը, և սրանով իսկ դառնում յուրահատուկ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







