Ի պատասխան Semper Opernball-ի և Յուսիֆ Էյվազովի հերքման մամլո հաղորդագրության, հայտարարությամբ հանդես է եկել Agence Massis Opéra-ն, որը ներկայացնում է օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանին:
Գործակալության կարծիքով՝ «թյուրիմացությունը», որի մասին ասվում է Semper Opernball-ի մամուլի հաղորդագրության մեջ, նպատակ ունի այդ «հակամարտության» պատասխանատվությունը բարդել Massis Opéra գործակալության վրա:
«Իրոք, 2019թ. սեպտեմբերին տեղի ունեցած առաջին նամակագրությունից հետո, որում մեզանից հետաքրքրվում էին, թե արդյոք տիկին Մանթաշյանը կարող է հանդես գալ համերգի օրը, գրավոր կապը շարունակվել է առանց որևէ խնդրի և առնչվել է բանակցությունների ընթացքում շոշափվող տարատեսակ հարցերի, ինչպիսին են կոնտակտային տվյալները, ծրագիրը, ֆինանսական պայմանները, մուտքի արտոնագրի տրամադրումը, և այլն:
Մոտ 15 էլեկտրոնային նամակներով փոխանակվելուց հետո հրավերը կարծես թե վերջնականացված էր:»,- ասված Է հայտարարության մեջ:
Նշենք, որ Semper Opernball-ի կողմից ցանկություն է եղել հրավիրել Ռուզան Մանթաշյանին ելույթ ունենալ փետրվարի 7-ին կայանալիք համերգին։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, դեռևս անցյալ տարի հայտարարել էր պարահանդեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր դոկտոր Հանս-Հոաքին Ֆրեյը՝ նշելով, որ Դրեզդենում պարահանդեսի 15-րդ տարեդարձին հանդես կգան տենոր Յուսիֆ Էյվազովը և երիտասարդ օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը։
«2020թ. հունվարի 10-ին մենք ստացանք վերջին գրավոր հաղորդագրությունը, որում հայտարարվում էր Ռուզան Մանթաշյանի մասնակցությունը չեղյալ հայտարարելու մասին, քանի որ պարոն Յուսիֆ Էյվազովը չի ցանկանում ելույթ ունենալ նրա հետ»,-նշվում է հայտարարության մեջ:
Մանթաշյանին ներկայացնող գործակալության հայտարարության համաձայն՝ ստեղծված իրավիճակը բավական բարդ է կազմակերպիչների համար, սակայն Massis Opéra-ն պատասխանատվություն չի կրում իրավիճակի զարգացման համար, որը բացասաբար է անդրադարձել Մանթաշյանի վրա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







