ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հովեր» պետական կամերային երգչախումբը (հիմնադիր և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) Սիցիլիայի մայրաքաղաք Պալերմոյում համերգներով հանդես է եկել Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Այս մասին հայտնում է նախարարաության մամուլի ծառայությունը։
Ինչպես հաղորդում է աղբյուրը, հունվարի 24-ին և 25-ին «Politeama Garibaldi» թատրոնում կայացած համերգներին ներկայացել է երգչախմբի արական կազմը, որը համալրվել է նաև Հայաստանի լավագույն բաս երգիչներով: Հայկական երգչախումբը և սիցիլիական նվագախումբը հանդես են եկել դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Ծրագրում հնչել են Աարոն Կոպլենդի «Խաղաղ քաղաք» ստեղծագործությունը և Շոստակովիչի թիվ 13 «Բաբի Յառ» սիմֆոնիան:
Հատկանշական է, որ երկու համերգները նվիրված են եղել Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան, որը ՄԱԿ-ի որոշմամբ ոգեկոչվում է աշխարհի տարբեր երկրներում: Եվ բնական է, որ ցեղասպանության այս թեման շատ մոտ է նաև հայ ժողովրդին: Նշենք, որ համերգներն ընդունվել են բացառիկ ջերմությամբ և հոտնկայս ծափահարություններով. հայ արտիստները հիացրել են տեղի ունկնդրին իրենց վարպետությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







