Ոչ միայն Հայաստանում, այլև նախկին Խորհրդային Միության տարածքում ճանաչում ստացած մեծանուն գրող, արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է այսօր:
Մաթևոսյանի պատմվածքներն ու վիպակները հենց սկզբից են գրավել ընթերցողների ուշադրությունը, որովհետև Մաթևոսյանը պատմում էր գյուղի, գյուղացիների կյանքի, նրանց ծանր աշխատանքի մասին: Այս մասին գրել է Հայաստանի Ազգային գրադարանը։
«Պատմելու նրա ձևը նորություն էր հայ գրականության մեջ: Նրա հերոսները մարդիկ են, ովքեր չեն լքում իրենց տունը, չարչարվում են ամբողջ կյանքում, որովհետև գտնում են, որ մարդու առաջին պարտքը աշխատելն ու աշխարհը լավացնելն է:
Մաթևոսյանը հրաշալի գիտեր հայրենի բնաշխարհը և շատ է գրել նրա մասին: Նրա վիպակների հիման վրա են նկարահանվել «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Տերը» սիրված կինոնկարները, ինչպես նաև բեմադրվել են բազում ներկայացումներ»,- գրել է Ազգային գրադարանը։
Հիշեցնենք, որ Հրանտ Մաթևոսյանը ծնվել է Լոռվա Ահնիձոր գյուղում 1936թ-ին, իսկ կյանքից հեռացել է 2002 թ-ին՝ թողնելով գրական մեծ ժառանգություն: