Մահացել է լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը։
«Կյանքից հեռացել է իմ ընկեր ու մեծ մարդ Զավեն Սարգսյանը։ Հանգչի՛ր խաղաղությամբ»,- գրել է կոմպոզիտորը։
Զավեն Սարգսյանը Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչն է եղել և նրա տուն-թանգարանի հիմնադիր տնօրենը: Զավեն Սարգսյանը ծնվել է 1947թ.-ին։
Հիշեցնենք, որ նա ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Սովորելուն զուգահեռ` 1969-1972 թվականներին որպես ավագ տեխնիկ աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում։
Մինչև 1974 թվականը եղել է Աբովյանի «Սիրիուս» գործարանի ավագ ինժեներ։ 1974-1986 թվականներին՝ ՀԽՍՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչության արտաքին կապերի բաժնի ավագ ռեֆերենտ։
1986 թվականին նշանակվել է Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի տնօրեն։ Այդ պաշտոնում աշխատել է մինչև 1992 թվականը։
1992 թվականից մինչ այժմ ղեկավարում էր Սերգեյ Փարաջանովի թանգարանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







