Vogue ամսագրի մեքսիկական հրատարակությունը (Vogue México) ֆրանսիական Batchig պինդ օծանելիքի բրենդը ներառել է փորձելու արժանի հինգ բույրի ընտրանիում։ Բրենդն ստեղծել են հայկական ծագմամբ ֆրանսիացի օծանելիքագործ Կլարա Բոյաջյանը և ղազախական ծագմամբ ձեռնարկատեր Ժանել Բոլատովան։
Batchig-ը փոխարինվող տարաներով պինդ օծանելիքներ է թողարկում, որոնք տեղադրվում են բնական քարերով զարդարված բազմակի օգտագործման պատյաններում։ Հիմնադիրներն արտադրանքը ներկայացնում են որպես օծանելիքի և նորաձև աքսեսուարի համադրություն։ Բրենդը Փարիզում գործարկվել է 2026 թվականին։
Այս պահին տեսականին ներառում է երեք բույր՝ Cœur d’Abricot, Charcoal Latte և Medusa։ Vogue México-ն առանձնացրել է հայկական ծիրանի և հասմիկի թեյի նոտաներով Cœur d’Abricot-ը։ Բույրերը մշակվել են փարիզյան Studio Flair-ի հետ համատեղ։
Batchig անվանումը ծագում է հայերեն «պաչիկ» բառից, որը նշանակում է «համբույր»։ Հիմնադիրների խոսքով՝ անվանումն արտացոլում է բույրը մաշկին մոտ, նուրբ և անձնական ձևով կրելու գաղափարը։
Բոյաջյանի հայկական և Բոլատովայի ղազախական ծագումն արտացոլվել է բրենդի հայեցակարգում։ Cœur d’Abricot-ը ոգեշնչված է Հայաստանի ծիրանենիների այգիներով, Medusa-ն՝ Կասպից ծովով, իսկ Charcoal Latte-ն՝ Նյու Յորքով։
Batchig-ի գաղափարը ծագել էր 2023 թվականին՝ Բոյաջյանի և Բոլատովայի՝ Ֆլորենցիա կատարած ուղևորության ժամանակ։ Նրանք որոշել էին պինդ օծանելիքը վերածել առօրյա օգտագործման առարկայի, որը հնարավոր կլիներ մշտապես կրել պայուսակում։ Առաջին նմուշների մշակումն ու փորձարկումն իրականացվել էին 2025 թվականին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







