Սեպտեմբերի 5-ին «Երևան» երկաթուղային կայարանի շենքում մեկնարկել է Tour EXPO 2026 զբոսաշրջային ցուցահանդեսը, որը մեկ հարթակում համախմբել է Հայաստանի, Վրաստանի և Կիպրոսի զբոսաշրջության ոլորտը ներկայացնող ավելի քան 50 կազմակերպության։ Այս մասին հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրենի մամուլի ծառայությունը։
Ցուցահանդեսի մասնակիցների թվում են հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներ, տրանսպորտային ընկերություններ, տուրօպերատորներ, սննդամթերքի արտադրողներ, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում տարբեր ծառայություններ մատուցող կազմակերպություններ։
Բացման խոսքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովն ընդգծել է նման նախաձեռնությունների կարևորությունը զբոսաշրջության ոլորտի զարգացման և ոլորտի ներկայացուցիչների միջև համագործակցության ընդլայնման գործում։

«Ուրախ եմ ողջունել ցուցահանդեսի մասնակիցներին և հյուրերին մեր հարթակում։ Վստահ եմ, որ Tour EXPO-ն լավ հնարավորություն կլինի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների համար՝ հաստատելու նոր գործարար կապեր, փոխանակելու փորձը և իրենց ծառայությունները ներկայացնելու լայն հանրությանը։ Այցելուների համար էլ սա լավ հնարավորություն է ավելի մանրամասն ծանոթանալու Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին և ընտրելու ճանապարհորդության հետաքրքիր ուղղություններ»,- նշել է Մելնիկովը։
Ցուցահանդեսի գլխավոր հովանավորը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն է։ Tour EXPO 2026-ը ոլորտի մասնագետներին հնարավորություն է տալիս ներկայացնել իրենց առաջարկները, ծանոթանալ զբոսաշրջության ոլորտի նոր միտումներին և ձևավորել նոր համագործակցություններ։
Այցելուներն էլ մեկ վայրում կարող են ծանոթանալ Հայաստանի և տարածաշրջանի զբոսաշրջային առաջարկներին ու ծառայություններին։

Փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իշխանությունները քննարկում են երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Երևանի և Մոսկվայի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող երրորդ երկրին փոխանցելու հարցը: Հնարավոր տարբերակների շարքում նա նշել էր Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը:
Ավելի ուշ վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է «Ռուսական երկաթուղիներից» պահանջել տարեկան 2 մլրդ դոլար վճար «Հարավկովկասյան երկաթուղու» օգտագործման համար, եթե ընկերությունը չհրաժարվի կոնցեսիայից: Վարչապետի խոսքով՝ Հայաստանը ՀԿԵ-ն համարում է իր սեփականությունը և պետք է հնարավորություն ունենա այն օգտագործել այնպես, ինչպես նպատակահարմար է համարում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







