Պոլսահայ երգչուհի Սիբիլը ներկայացրել է «Արորն ու Տատրակը» տեսահոլովակը, որտեղ արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների կիրառմամբ զուգերգ է կատարում Կոմիտաս վարդապետի՝ ավելի քան մեկ դար առաջ արված ձայնագրության հետ, հայտնել է Ermenihaber.am-ը։
Լրատվամիջոցի հետ զրույցում երգչուհին նշել է, որ նախագծի գաղափարը ծագել է Կոմիտասի կատարմամբ ստեղծագործությունը լսելուց հետո, իսկ նախագծի վրա նա աշխատել է շուրջ վեց տարի։ Սիբիլի խոսքով՝ ԱԲ-ն օգտակար գործիք է մշակութային ժառանգության պահպանման և տեսողական լուծումներ ապահովելու համար, քանի դեռ այն չի ստվերում արվեստագետի ստեղծագործական ներդրումը։
Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) հայ ազգային երաժշտական դպրոցի հիմնադիրն է, ով հավաքագրել է տարածաշրջանի ժողովուրդների երաժշտական նմուշներ, ստեղծել բազմաթիվ մշակումներ ու հեղինակային գործեր։
Ստամբուլում ծնված երգչուհին իր երաժշտական ուղին սկսել է եկեղեցական երգչախմբում։ 2010 թվականին նրա թողարկած առաջին՝ Sibil ալբոմում ընդգրկված «Նամակ» երգի տեսահոլովակը դարձել է Թուրքիայում նկարահանված առաջին հայալեզու աշխատանքը։ Երգչուհին նաև Melody for Harmony նախագծի հեղինակն է, որի շրջանակում 2015-ին Երևանում և Ստամբուլում կազմակերպվել են հայ և թուրք երաժիշտների համատեղ համերգներ, հավելել է լրատվամիջոցը։






































