Լիբանանահայ կոմպոզիտոր և պրոդյուսեր Սերուժ Բաղդասարյանը, ով հանդես է գալիս C-Rouge բեմական անվամբ, հուլիսի 11-ին Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղում կներկայացնի Symphonic Folk: The Epic Sound of Armenia («Սիմֆոնիկ ֆոլկ. Հայաստանի էպիկական հնչյունները») ծրագիրը, գրել է Armenian Weekly պարբերականը:
Երաժիշտը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ՝ Koghb Foundation հիմնադրամի կազմակերպած Վարդավառի փառատոնի շրջանակում:
C-Rouge-ն իր ստեղծագործություններում համադրում է հայկական ժողովրդական երաժշտությունը, սիմֆոնիկ հնչողությունը և ժամանակակից էլեկտրոնիկան: Նա մեծացել է Լիբանանում՝ երգիչների, կոմպոզիտորների և պրոդյուսերների ընտանիքում: 2005 թվականին երաժիշտը թողարկել է Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործության ժամանակակից ինտերպրետացիան՝ օրիգինալ մեղեդին միախառնելով էլեկտրոնային երաժշտության հետ: Ավելի ուշ կոմպոզիտորն աշխատել է «Ցեղասպանության որբերը» (Orphans of the Genocide) և «1915-ի կանայք» (Women of 1915) վավերագրական ֆիլմերի երաժշտության վրա, ինչպես նաև թողարկել է «Սասնա ծռեր» (Daredevils of Sassoun) և «Յարխուշտա» (Yarkhushta) ստեղծագործությունները:
Երաժշտի խոշորագույն նախագծերից մեկն է դարձել Symphonic Folk: The Epic Sound of Armenia ծրագիրը, որի վրա նա աշխատել է ավելի քան տասը տարի: Բեմադրությանը մասնակցել է շուրջ 120 կատարող, այդ թվում՝ սիմֆոնիկ նվագախումբը, երգչախումբը, մեներգիչներն ու հայկական ավանդական նվագարաններ հնչեցնող երաժիշտները։ Բաղդասարյանի մշակումները նվագախմբի համար գործիքավորել է Մարտին Ուլիխանյանը:






































