Զանգակատուն համայնքի բնակիչների քվեարկության համաձայն՝ տեղի միջնակարգ դպրոցի բակից կհեռացնեն քանդակագործ Լևոն Թոքմաջյանի հեղինակած՝ բանաստեղծ Պարույր Սևակի արձանը, տեղեկանում ենք պոետի տուն-թանգարանի հրապարակումից։
Ըստ հայտարարության՝ բնակիչների 79,9%-ը կողմ է քվեարկել արձանի հեռացմանը, իսկ 20,1%-ը՝ դեմ արտահայտվել։
Արձանի տեղադրումից ի վեր համացանցը ողողված էր քանդակի ու նրա հեղինակի շուրջ բացասական գրառումներով, հումորային անդրադարձերով։ Ի վերջո, բանաստեղծի հարազատները հայտարարել էին, որ համայնքին են թողել վերջնական որոշումը։ Թոքմաջյանը մամուլի հետ զրույցում դեմ էր արտահայտվել հարցը համայնքի քննարկմանը դնելուն։
«Պատկերացրեք՝ ուր ենք հասել, որ գյուղացին պետք է որոշի՝ քանդակը դրվի՞, թե՞ չդրվի: Ես պատվեր չեմ ստացել, որ քննարկում են: Նվեր եմ տվել, նախօրոք ուղարկել եմ նկարները, գյուղապետն է տեղյակ, Սևակի թոռն է տեղյակ, տեսել են, ասել են՝ բեր: Թող ասեին՝ մի բեր, ես էլ չէի տանի: Արվեստի գործը դնում են գյուղացիների քվեարկությա՞նը, քննարկմա՞նը»,- ասել էր նա։
Քանդակագործը պարզաբանել էր, որ դա ոչ թե Սևակի, այլ «Անլռելի զանգակատուն» թեմայով աշխատանք է այնպես, ինչպես ինքն է ընկալում այն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







