«Հայրենիք» կուսակցությունը (կուսակցության ղեկավար` Արթուր Վանեցյան) չի մասնակցի 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին որոշում է կայացվել կուսակցության գործադիր մարմնի նիստում։
Քաղաքական ուժը հայտնել է, որ նիստի ընթացքում բազմակողմանիորեն քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, առկա ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև նախընտրական փուլին բնորոշ զարգացումները։
Կուսակցությունը, արձանագրելով իշխանափոխությունը որպես գերակա առաջնահերթություն և ընդգծելով ներքաղաքական լարվածության շարունակական պահպանման հանգամանքը, նշել է, որ քաղաքական դաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ առանց համախմբող պետական գաղափարախոսության և արժեքային հստակ առանցքի։
Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել նաև պետական ինստիտուտների նկատմամբ իրավական և բարոյական պատասխանատվության մեխանիզմների արդյունավետությանը, ինչպես նաև քաղաքական գործընթացների ոչ ինստիտուցիոնալ բնույթին։
Միևնույն ժամանակ, կուսակցությունը նշել է, որ իր գաղափարական հիմքերն ու ռազմավարական պատկերացումները տարբերվում են քաղաքական դաշտում գործող այլ ուժերի մոտեցումներից, ինչի արդյունքում դաշինքի ձևավորումը գնահատվել է ոչ իրատեսական։
Կուսակցությունը հորդորում է նաև իր անդամներին և համակիրներին առաջիկա ընտրություններում քվեարկել իրական ընդդիմադիր ուժերից որևէ մեկին՝ ըստ սեփական նախընտրության, ինչպես նաև շարունակել կուսակցաշինության գործընթացը բոլոր ուղղություններով։
Կուսակցությունը նաև հայտնել է, որ սույն որոշման վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություններով հանդես կգա ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո՝ նշելով, որ մինչև ընտրությունները չի ցանկանում ստեղծել որևէ պայման, որը կարող է վնասել իրական ընդդիմադիր ուժերին։
Ավելի վաղ ԶԼՄ-ն հայտնել էր, որ Ազգային ժողովի ընտրություններին միասնական դաշինքով հանդես գալու վերաբերյալ բանակցություններ են ընթանում «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի և «Առաջարկ Հայաստանին» շարժման առաջնորդ, ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջև։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունն ստորագրել էին համագործակցության հուշագիր՝ հայտարարելով առաջիկա համապետական ընտրություններում միասնական ճակատով հանդես գալու մտադրության մասին։
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար արդեն իսկ հայտ են ներկայացրել մի շարք քաղաքական ուժեր: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական ցուցակի ձևավորման աշխատանքներ է տանում։ Ընդդիմադիր դաշտում ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը (գործարար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ), «Բարգավաճ Հայաստան» և «Մայր Հայաստան» դաշինքը (Գագիկ Ծառուկյան և Անդրանիկ Թևանյան), ՀՅԴ «Դաշնակցությունը», «Հայ Ազգային Կոնգրես»-ը (Լևոն Զուրաբյան), «Միասնության թևերը» (Արման Թաթոյան), «Նոր ուժ» (Հայկ Մարության), «Լուսավոր Հայաստան» (Էդմոն Մարուքյան), «Հանրապետություն» կուսակցությունը (Արամ Սարգսյան), «Հայաստանի շնորհապետական կուսակցությունը» (Գուրգեն Սիմոնյան) և «Բոլորին դեմ եմ» շարժումը։





































